Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար»

1 IMG_1307

ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից: ՀՀ պետական կառավարման ակադեմիան, որպես Ծրագրի կոնսորցիումի անդամ ուսումնական հաստատություն, այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Ծրագրի շրջանակներում: Ակադեմիայում մշակվել է «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլը և իրականացվել պիլոտային դասընթաց կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար:

Ծրագրի մեկնարկից ի վեր ամեն տարի ապրիլին ՀՀ ՊԿ ակադեմիայում անցկացվում է իրազեկման օր, որի մասնակիցները ծանոթանում են հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներին: Այս անգամ նույնպես ապրիլի 30-ին Ակադեմիայում իրազեկման օր անցկացվեց, որին մասնակցում էին ինչպես կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, այնպես էլ Ծրագրի գործընկերները Իռլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից և Վրաստանից:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ Ծրագրի շնորհիվ այս ընթացքում Ակադեմիայի գրադարանը հարստացել է մեծ թվով գրականությամբ, Ակադեմիայում ձևավորվել է տեսագիտաժողովների սրահ: Սակայն Ծրագրի նշանակությունը հատկապես կարևոր է հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու, նրանց հանդեպ հասարակության տարբեր շերտերում ճիշտ վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից:

ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Առուստամյանը հանդես եկավ իր մագիստրոսական թեզի զեկուցմամբ՝ ՀՀ մի շարք բուհերում կատարած ուսումնասիրության արդյունքների մասին. նա փորձել էր ճշտել, թե արդյո՞ք մեր բուհերում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հատուկ կարիքներ ունեցող անձանց լիարժեք կրթության համար: Պարզվում է, որ թեպետ վերջին տարիներին որոշակի քայլեր կատարվել են, սակայն մեզ դեռ հսկայական աշխատանք է սպասվում այդ ուղղությամբ:

Այնուհետև միջոցառման մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին տեսաֆիլմեր, որոնք պատմում էին հատուկ կարիքներ ունեցող, սակայն կյանքում ակնհայտ հաջողությունների հասած մարդկանց մասին: Տարաբնույթ հիվանդությունները չեն խոչընդոտել, որպեսզի կամքի ուժ և նպատակասլաց անձինք իրենց լավագույնս դրսևորեն գիտության, արվեստի, քաղաքականության, սպորտի և այլ բնագավառներում:

«Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի արդյունքները քննարկվեցին իրազեկման օրվա ծրագրով նախատեսված կլոր սեղանի ընթացքում, որն անցկացվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Կլոր սեղանի կազմակերպիչն էր ASPIRE ծրագրի հայաստանյան համակարգող «Եվրասիա» միջազգային համալսարանը: Մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և Հայաստանում ՏԵՄՊՈՒՍ ծրագրի ազգային գրասենյակը: Մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկեցին «Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման: Ելույթ ունեցողները խոսեցին Ծրագրի շրջանակներում անցկացված կարևոր միջոցառումների, ձեռքբերումների, հեռանկարների և առկա խնդիրների մասին:

Քննարկումն ավարտվեց բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության փորձը ներդնելու և խթանելու վերաբերյալ «Կրթություն բոլորի համար. հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» համատեղ հռչակագրի ստորագրմամբ:

2 mm

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…