«Համայնքների կարողություններն ուժեղացնելու նպատակով կլիմայի փոփոխությանը համապատասխան միջոցներ ձեռնարկելու և կլիմայի փոփոխության հարմարվողականությունը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում ինտեգրելու միջոցով» ծրագիրը, որը նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 9-ը իրականացնում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիան «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ ԿԿՀ ծրագրի շրջանակում, ավարտվեց։
Դեկտեմբերի 12-ին ծրագրի իրականացման գործընթացին մասնակցած փորձագետները Ակադեմիայում ամփոփեցին իրենց աշխատանքի արդյունքը։
ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ողջունեց ներկաներին և կարևորեց այն փաստը, որ Կառավարման ակադեմիան ընդգրկվել է նշված ծրագրում։ Նա շնորհակալություն հայտնեց փորձագիտական թիմի մասնակիցներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել ՀՀ մարզերում հանրային ծառայողների վերապատրաստման համար անհրաժեշտ մոդուլները կազմելու և դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։
«Ուզում եմ նշել, որ ի սկզբանե նախատեսված է եղել վերապատրաստման դասընթացներում ներառել առնվազն 150 հանրային ծառայողի, սակայն դասընթացի հանդեպ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ունկնդիրների թիվը հասել է 248-ի,- ասաց Խ. Ղազեյանը։- Նաև պայմանավորվածություն է եղել դասընթացը չորս մարզում անցկացնել առկա ձևաչափով, իսկ մյուս մարզերում՝ հեռավար։ Սակայն բոլոր մարզերում, անգամ ամենահեռավոր, դասընթացը կազմակերպվել է առկա, քանզի մեր փորձագետները չեն զլացել այդքան ճանապարհ գնալ և ժամանակ ծախսել՝ անձամբ հանդիպելու ծրագրի շահառուների հետ՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով»։
ՀՀ ՊԿԱ ռեկտորը նաև տեղեկացրեց, որ շնորհակալական նամակներ են ստացել համայնքների ղեկավարներից և մարզպետարանների գլխավոր քարտուղարներից, որոնք իրենց գոհունակությունն են հայտնել նման բանիմաց փորձագիտական խումբ ուղարկելու համար։
ՄԱԿ-ի զարգացման Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ևս շնորհակալություն հայտնեց գործընկերության և ծրագրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար։ Նշեց, որ կլիմայի փոփոխությանը և դրա հետ կապված խնդիրներին երբևէ այսպիսի կարևորություն չի տրվել ինչպես միջազգային կառույցների կողմից, այնպես էլ պետական մարմինների։
Նա վստահություն հայտնեց, որ ծրագիրը շահավետ էր երկուստեք. ստացած գիտելիքները կօգնեն, որ հանրային ծառայողներն իրենց գործունեությունը պլանավորելիս հաշվի առնեն նաև այս ոլորտի խնդիրները, իսկ փորձագիտական խմբի ներկայացուցիչները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ են փոխանցել ունկնդիրներին դասավանդման ընթացքում, այլև ձեռք են բերել կարևոր փորձառություն։ Այն կարող են կիրառել ոչ միայն հետագա աշխատանքում, այլև հաջորդ տարի նոր համատեղ ծրագիր իրականացնելիս։
«Ինչ վերաբերում է ունկնդիրների թվի «գերակատարմանը», ապա այդ ցուցանիշը նշանակում է, որ համայնքներում նույնպես կա խնդրի կարևորության գիտակցումը»,- ասաց տիկին Հարությունյանը։
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, պետական կառավարման հարցերով միջազգայնորեն ճանաչված խորհրդատու, պետական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդական Աշոտ Զալինյանը ներկայացրեց ընդհանուր եզրահանգումներ՝ նշելով, որ ունկնդիրների մոտ 80 տոկոսը ծանոթ չէր առկա խնդիրներին, թեմայով պայմանավորված մարտահրավերներին: Նա հատկապես ընդգծեց դասընթացներին համայնքների ավագանու անդամների ներգրավման և թիրախային խմբերի վերապատրաստման կարևորությունը: Պարոն Զալինյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, պրոֆեսորադասախոսական կազմին, փորձագետներին, որոնց բարձր պատրաստվածության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս բովանդակալից, արդիական և անչափ կարևոր դասընթացը:
ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, ներկայացնելով «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ինտեգրումը մարզային և համայնքային զարգացման ռազմավարություններում» թեմայով դասընթացի արդյունքները, անդրադարձավ ծրագրի հիմնական բաղադրիչներին, դասընթացի նկարագրին, կառուցվածքին, մշակված մոդուլներին, վերապատրաստվողների թվաքանակին՝ ըստ վարչատարածքային բաշխվածության, մասնակիցներին՝ ըստ ստորաբաժանումների և պաշտոնների: Ներկայացվեցին նաև դասընթացի վերաբերյալ նախնական և ավարտական թեստերի գոհացուցիչ արդյունքները, մոդուլների բովանդակության և արդիականության վերաբերյալ գնահատականները:
ՀՀ ՊԿԱ դասախոս Վահագն Պետրոսյանն անդրադարձավ ոլորտային մի շարք կարևոր ուղեցույցների մշակմանը և իր ներկայացրած՝ «Կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված թեմաների ներառումը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առարկայական ծրագրերում» թեմայում ընդգծեց ՊԿԱ առարկայական ծրագրերում և վերապատրաստման դասընթացներում համապատասխան թեմաների ներառման կարևորությունը: Սա կնպաստի մագիստրանտների՝ թեմայի շուրջ գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանն ու զարգացմանը:
Առարկայական ծրագրերում համապատասխան թեմաների ներառման կարևորությունն ընդգծեց նաև «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ, փորձագիտական խմբի անդամ Գևորգ Պետրոսյանը: Վերջինս մատնանշեց առկա ռիսկերն ու մարտահրավերները, որոնց հնարավոր լուծումները պայմանավորված են նաև հմուտ, փորձառու մասնագետ-կառավարիչներ պատրաստելով:
Ամփոփելով՝ արձանագրենք, որ այս հանդիպման մասնակիցները կարևորեցին և բարձր գնահատեցին հատկապես այն փաստը, որ դասընթացն անցկացվեց Ակադեմիայի կողմից: Արդյունքում սպասվում են նոր, խոստումնալից և հետաքրքիր ինստիտուցիոնալ համագործակցություններ: