Մարտի 17-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Համագործակցության շրջանակներում ապրիլի 26-ին կանցկացվի ՄԱԿ-ի մոդել կոնֆերանս, որին կմասնակցեն Պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներ: Հաշվի առնելով, որ ապրիլին լրանում է Ռուանդայի ցեղասպանության 20-րդ տարեդարձը, կոնֆերանսի թեմա է ընտրվել ցեղասպանությունը:
«Այս կոնֆերանսը հնարավորություն է տալու ուսանողներին ուսումնասիրելու ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիան, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ծանոթանալու «պաշտպանելու պատասխանատվությունը» սկզբունքին` ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը, և ընդհանրապես, ցեղասպանության մասին իմանալու այն ամենը, ինչ հնարավոր է,- ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը:– Ուսանողները կտեղեկանան, թե ինչ բռնություններ են կատարվել Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, և թե արդարադատության ինչպիսի կառուցակարգ գործեց ցեղասպանությունից հետո. ստեղծվեց Ռուանդայի հարցերով ժամանակավոր դատարան, որի առջև կանգնեցին հանցագործները»:
ՄԱԿ-ի մոդել կոնֆերանսից առաջ երեք բուհերից ընտրված ուսանողները մասնակցում են սեմինարների: Առաջին սեմինարի ժամանակ նրանք ընդհանուր տեղեկություն են ստացել ՄԱԿ-ի և նրա սկզբունքների մասին:
Ապրիլի 2-ին ևս մեկ սեմինար անցկացվեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Այս անգամ սեմինարի թեման ճարտասանությունն էր: Քաղաքագետ Արտակ Շաքարյանը ներկայացրեց ճարտասանության հիմնական սկզբունքները, խոսեց բանախոսին անհրաժեշտ որոշակի հմտությունների մասին:
Մինչ կոնֆերանսը երեք բուհերի սովորողները ևս մի քանի սեմինարի կմասնակցեն: Մի դեպքում կուսումնասիրեն ՄԱԿ-ի մոդելի աշխատակարգը, կիմանան, թե ինչպես պետք է վարել կոնֆերանսը, մեկ այլ սեմինարի ժամանակ ՀՀ արտաքին գործերի ներկայացուցիչը կխոսի ցեղասպանություն երևույթի և «պաշտպանելու պատասխանատվությունը» նոր սկզբունքի մասին, այնուհետև կծանոթանան բանակցային հմտություններին, որոնք իրենց անհրաժեշտ են կոնֆերանսի ժամանակ: