ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարբեր մասնագիտությունների մի խումբ ուսանողներ հայագիտության և հայապահպանության թեմաներով սեմինար-հանդիպում ունեցան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող «Հայարտուն» կենտրոնում: Ինչպես գիտենք, Սփյուռքում ապրող հայերն ունեն մի շարք խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է հայաստանաբնակ հայերի աջակցությունը: Հանդիպման ընթացքում Ակադեմիայի ուսանողներ Անի Խանաղյանը, Սոս Հակոբյանը, Գոռ Սարգսյանը, Արթուր Գրիգորյանը անդրադարձան վիրահայ երիտասարդներին հուզող մի շարք խնդիրների: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողուհի Գայանե Բեջանյանը լսարանին ներկայացրեց Ակադեմիայի գործունեությունը, ուսումնական գործընթացը, Ակադեմիա ընդունվելու կարգը, սովորելու և արտոնություններից օգտվելու հնարավորությունները, Ակադեմիայի և այնտեղ գործող Ուսանողական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը և այլն: Իսկ Գոհար Եղիազարյանը, Տիգրան Էլբակյանը և Աննա Առուստամյանը ներկայացրեցին Ակադեմիայում գործող առանձին մասնագիտությունների ընդունման կարգը և պատասխանեցին ներկաների հարցերին:
Լիլիթ Խուրշուդյանն ու Անի Բաբայանը սեմինարի իրենց հատվածն անցկացրեցին ավելի ինտերակտիվ ձևով և քննարկման ընթացքում փորձեցին միասին գտնել վիրահայ երիտասարդներին հուզող հարցերի պատասխանները: Սեմինարը մեծ արձագանք ունեցավ. շատ երիտասարդներ, տպավորված ելույթներով, ցանկություն հայտնեցին իրենց ուսումը շարունակելու Կառավարման ակադեմիայում, ոմանք էլ` այցելել Հայաստան կամ մասնակցել փոխանակման որևէ ծրագրի: Կազմակերպված այցի ու սեմինարի հաջողության ևս մեկ ապացույցը Վիրահայոց թեմի ցանկությունն էր շարունակելու համագործակցությունը ՀՀ ՊԿԱ ուսանողների հետ, ինչպես նաև շարունակական դարձնելու նման միջոցառումները, որոնք ոգևորում են Սփյուռքում գտնվող հայ երիտասարդներին` կապ պահպանելով հայրենիքում ապրող իրենց հայրենակիցների հետ:
Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու Գևորգ սարկավագ Անտոնյանը Ակադեմիայի ուսանողների համար էքսկուրսիա կազմակերպեց Թբիլիսիում: Ուսանողները հատկապես տպավորված էին «Գարի Դավթյան» տիկնիկային մշակույթի տուն կատարած այցելությունից, որտեղ տան «բնակիչները» տիկնիկներ էին` երգող, պարող և ապրող տիկնիկներ: Այս տունը մշակութային մի անկրկնելի վայր էր, ուր աշխարհի տարբեր ծայրերից այցի են գալիս հայտնի մարդիկ, քաղաքական և հոգևոր առաջնորդներ` վայելելու այդ հրաշք միջավայրը: Ուսանողները ծանոթացան նաև այն մշակութային ու հոգևոր ժառանգությանը, որը հայ ժողովուրդն ստեղծել է Թբիլիսիում, և համոզվեցին, որ մշակութային և հոգևոր այդ կոթողները պահպանելու համար բոլորս պետք է պայքարենք:
Պետական կառավարման ակադեմիայի ուսանողները վերադարձան Հայաստան բարձր տպավորություններով և նոր գիտելիքներով հարստացած: Նրանք վստահ են, որ այս եռօրյա այցը հետագայում հիմք կհանդիսանա հայանպաստ և հայապահպանական գործունեության համար: