Էրազմուս+ ծրագրով կրկին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում էր Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանի (Ռումինիա) պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին: Ակադեմիայի աշխատակիցների, ասպիրանտների և ուսանողների հետ հանդիպում-քննարկման թեման գիտաչափության մեթոդներն ու ցուցիչներն էին, որոնց պրոֆեսորը հանգամանորեն անդրադարձավ իր դասախոսության ընթացքում:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը վստահեցրեց, որ ունկնդիրները հետաքրքիր տեղեկություններ կստանան տիկին Ռեպանովիչի աշխատանքի ոճի, մոտեցումների ու մեթոդների մասին:
Վերջինս անդրադարձավ գիտնականի վարկանիշի մասին վկայող ցուցիչներին՝ նշելով դրանցից ամենակարևորը՝ քանի այլ հետազոտող է հղում կատարել տվյալ գիտնականի աշխատություններին կամ հատվածներ մեջբերել դրանցից իր հետազոտություններում:
Անջելա Ռեպանովիչին խոսեց գիտաչափության մեթոդների ու ցուցիչների մասին, որոնք նպաստում են հետազոտության ազդեցության և տեսանելիության բարձրացմանը: Նշեց, որ դրա համար նախ անհրաժեշտ է, որ գիտական աշխատանքով զբաղվող հանրությանը հասանելի լինի գիտնականի աշխատությունը, ապա ներկայացրեց գիտական հանդեսներում հրապարակված հոդվածներին արված հղումների տարեկան ցուցիչը:
Բանախոսը նշեց այն գիտական հանդեսները, շտեմարանները, տեղեկատուները, որոնք առավել բաց ու մատչելի են հետազոտողների համար: Անդրադարձավ մատենագիտական տվյալների բազայի ստեղծման, մատենագիտական վերլուծության և տեսանելիության գործիքների կիրառման, տեղեկատվության գնահատման կարևորությանը: Ինստիտուցիոնալ պահոցների ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորեց իրենց համալսարանի օրինակով, ներկայացրեց նաև համալսարանի կրթական ծրագրերը:
Հասկանալու համար, թե որքանով է լսարանը յուրացրել դասախոսության հիմնական ուղերձը և ներկայացված տեղեկությունը, ավարտին տիկին Ռեպանովիչին ինտերակտիվ խաղ-մրցույթ կազմակերպեց: Հնչեցին հարցեր, որոնց պատասխանները պետք էր փնտրել դասախոսության մեջ: