Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման (G2iA) նախաձեռնությամբ այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվեց բելգիացի գործարար, «Կանաչ լուծումներ դիմահարդարման միջոցների և դեղամիջոցների համար» ձեռնարկության տնօրեն Սթան Իդելսենը: Բնական միջոցների ջատագով գործարարը ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ «Կանաչ էկոնոմիկա» թեմայով:
Սթան Իդելսենի համոզմամբ, Հայաստանը հազիվ թե կարողանա աշխարհին զարմացնել այնպիսի արտադրությամբ, որը զարգացած է աշխարհի այլ երկրներում: Մինչդեռ սա այն երկիրն է, որն իր տարածքում աճող խոտաբույսերի շնորհիվ կարող է դառնալ այլընտրանքային ինդուստրիայի աղբյուր: Հայկական խոտաբույսերի վրա հիմնված բարձրարժեք արտադրանքը ոչ միայն չի վտանգի մարդկանց առողջությունը, այլև կնպաստի Հայաստանին միջազգային ճանաչմանը նոր տեսանկյունից: