Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման մասնակցային գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ապրիլի 27-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները: Այցի նպատակը Ակադեմիայի գիտական ներուժը ռազմավարության մշակման գործում կիրառելու առաջարկությունն էր:
ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի խոսքով, Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման մասնակցային գործընթացը ենթադրում է ներգրավել հանրային լայն շրջանակների, մասնավորապես բուհերի հնարավորությունները:
Պատրաստակամություն հայտնելով հնարավորությունների սահմանում աջակցելու Վերափոխման ռազմավարության մշակման աշխատանքներին` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ներկայացրեց իր ղեկավարած բուհի առանձնահատկությունները՝ մատնանշելով հատկապես կրթական հաստատության գործունեության կարևորագույն բաղադրիչը՝ հանրային ծառայողների վերապատրաստումը: Խոսելով բուհի հնարավորությունների մասին` ռեկտորը շեշտեց այն հանգամանքը, որ Կառավարման ակադեմիայում դասավանդում են հանրապետությունում մեծ համբավ վայելող, իրենց ոլորտներում լուրջ փորձ ու ավանդ ունեցող մասնագետներ, նախկին և ներկա պաշտոնյաներ:
Ինչ վերաբերում է Ակադեմիայի` Վերափոխման ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցելու ձևաչափին, ՀՀ վարչապետի օգնականը նշեց, որ դա հնարավոր է կազմակերպել տարբեր կերպ: Առաջինը համապատասխան աշխատանքային խմբին Ակադեմիայում իրականացվող և հանրային կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հետազոտական աշխատանքներում առկա գաղափարներին իրազեկելն է, ինչի արդյունքում դրանք կարող են դառնալ մշակվող քաղաքականության մաս:
Մյուս տարբերակը, ըստ Հակոբ Աբրահամյանի, Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ներգրավումն է ռազմավարության մշակման գործում որպես առանձին հարցերով խորհրդատուներ:
Երրորդ ձևաչափը Ակադեմիայի մագիստրանտներին գործնական գիտելիքներ և փորձ ձեռք բերելու հնարավորություն տալն է` կամավորության սկզբունքով հինգ ամիս և ավելի ժամկետով ընդգրկելով ռազմավարության մշակման գործընթացը կազմակերպող և աջակցող թիմում:
Կառավարության ներկայացուցիչների առաջարկը հետաքրքրեց ՀՀ ՊԿԱ ղեկավարությանը: Համագործակցության հնարավորությունների շուրջ իրենց հուզող հարցերը տվեցին և տեսակետներ արտահայտեցին ՀՀ ՊԿԱ պրոռեկտորներ Գայանե Հարությունյանը և Էդգար Ալեքսանյանը, Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և լրացուցիչ կրթության վարչության աշխատանքները համակարգող Գայանե Հովհաննիսյանը: