Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Անսխալ կարծիք. Ճշմարիտ իրողություն

Մարտի 21-ից 23-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի գիտակրթական և կազմակերպչական հանձնաժողովների կողմից կազմակերպված «Անսխալ կարծիք. ճշմարիտ իրողություն» խորագրով բանավեճ-մրցույթը: Նախագծի կազմակերպման գործում մագիստրանտներին աջակցել էր Ակադեմիայի ղեկավարությունը, ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Նախագծի նպատակը բանավեճի մշակույթին բնորոշ հիմնական առանձնահատկությունները ուսանողներին ներկայացնելն էր, հռետորական արվեստին հատուկ խոսք ձևավորելը, ինչպես նաև անձնական կարծիքը ճիշտ ներկայացնելու  ունակությունը զարգացնելը:

Բանավեճի համար ընտրված էին խիստ արդիական թեմաներ` «Մաքսային միություն. քայլ առա՞ջ, թե քայլ հետ», «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ» և «Կրթություն արտերկրում. արտագա՞ղթ, թե լավ մասնագետներ»: Ուստի բնական էր բանավեճ-մրցույթի ամբողջ ընթացքում մասնակիցների չափազանց ակտիվությունը: Բանավեճի ընթացքին հետևում էին ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Արտակ Հարությունյանը և Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի աշխատակազմի համայնքների ռազմավարական զարգացման գծով ավագ խորհրդատու Վարուժան Ավանեսյանը: Նրանք անաչառ գնահատականներ տվեցին մրցույթի մասնակիցների ելույթներին, մեկնաբանեցին նրանցից յուրաքանչյուրի մտքերը` միաժամանակ տալով անհրաժեշտ խորհուրդներ:

Բանավեճ-մրցույթն անցավ առողջ մրցակցության մթնոլորտում: Արդյունքում հաղթեց «Հանրային կառավարում» մասնագիտությունը ներկայացնող թիմը, իսկ լավագույն բանավիճող ճանաչվեց «Իրավագիտություն» մասնագիտությամբ ուսանող Սոս Հակոբյանը:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…