Դեկտեմբերի 22-ին ավարտվեց «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը, որը համատեղ անցկացնում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) հայաստանյան գրասենյակը: Վերջին դասին ուսանողներն գործողությունների ծրագրեր առաջադրեցին հասարակությանը հուզող հետևյալ խնդիրների վերաբերյալ՝ «Բնակչության մասնակցելիության ապահովումը տեղական ինքնակառավարմանը», «Մասնագիտական կողմնորոշում», «Հասարակության իրավագիտակցության բարձրացման հիմնախնդիրները», «Մարզային տրանսպորտ»: Մասնակիցները փորձեցին հնարավորինս բազմակողմանի բացահայտել այդ խնդիրները և ներկայացնել ծրագրային առաջարկներ:
Դասընթացը հետաքրքիր փորձառություն էր ուսանողների համար՝ առկա խնդիրները տեսնելու, բացահայտելու, հետազոտելու և դրանց լուծման ծրագրեր առաջադրելու տեսանկյունից: Ուսանողների խոսքով՝ հատկապես կարևոր էր դասընթացի շրջանակներում արդիական խնդիրների քննարկումն ու թիմում աշխատելու հմտությունների ձեռքբերումը. «Պատկերացնում էինք իրական իրավիճակներ և քննարկում, առաջադրված խնդիրներին նոր լուծումներ տալիս»։
Դասընթացի լավագույն արդյունքն այն կլինի, որ մասնակիցները հետագայում փորձեն կիրառել ստացած գիտելիքները քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ։