«Եթե մենք երկուսս ունենք մեկական խնձոր և որոշենք փոխանակել այդ խնձորները, ապա երկուսս էլ կունենանք մեկական խնձոր։ Իսկ եթե ունենք մեկական գաղափար և փոխանակենք մեր մտքերը, ապա մեզնից յուրաքանչյուրը կունենա երկու գաղափար»:
Բերնարդ Շոուի այս միտքը մեջբերեց ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի պրոռեկտոր, Ֆինանսների և կայուն զարգացման ինստիտուտի (IFSD) տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Մարգոլինը` ողջունելով մայիսի 22-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկած եռօրյա դասընթացի մասնակիցներին: «Գերակա նախագծերի և պետական ծրագրերի արդյունավետության գնահատում» թեմայով դասընթացը կազմակերպվել է լրացուցիչ մասնագիտական ծրագրով իրականացվող որակավորման բարձրացման նպատակով: Մասնակիցների շարքում էին ոչ միայն Կառավարման ակադեմիայի աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև տարբեր շահագրգիռ գերատեսչությունների:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը` մաղթելով արդյունավետ և բովանդակալից դասընթաց:
Պրոֆեսոր Մարգոլինը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար: Նա հույս հայտնեց, որ դասընթացը կընթանա բուռն քննարկման մթնոլորտում, քանի որ թեման խիստ արդիական է, և մասնակիցներից յուրաքանչյուրը այս դահլիճից կհեռանա մի նոր, օգտակար գիտելիք ստացած: