Հանդիպեցին թատրոնը և կառավարումը
«Դերասանական խաղը հնարավոր չէ սովորել, թատրոնում պիտի ապրես»:
Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ՀՀ ՊԿԱ ուսանողների հետ զրույցն սկսեց այս խոսքերով: Հետաքրքիր էր լսել թատրոնի մարդու՝ ապագա կառավարիչներին ուղղված խոսքը, թատերական կյանքի և կառավարման միջև կատարած համեմատությունները: Ինչպես դերասանը, կառավարիչը նույնպես պետք է լսի իր հանդիսատեսին: Թերևս այդպես է ծնվում «համագործակցության մշակույթը», ինչին Վարդան Մկրտչյանն անդրադարձավ ինչպես թատրոնի տեսանկյունից, այնպես էլ կառավարման գործընթացի:
Հանդիպումը շատ տպավորիչ էր: Այն ստիպեց մի նոր հայացքով նայել կյանքին և «նետվել կյանքի մեջ», ինչպես խորհուրդ տվեց Վարդան Մկրտչյանը:
Թատրոնի տնօրենին ընդունեց նաև ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և հույս հայտնեց, որ Ակադեմիայի հետ բարեկամությունը շարունակական կլինի:
Մեզ մնում է շնորհակալություն հայտնել պարոն Մկրտչյանին Ակադեմիայի ուսանողական խորհրդի հրավերն ընդունելու համար, ինչպես նաև ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի վարիչ տիկին Մարգարյանին՝ այս գործում իր զգալի աջակցության համար:
Առաջնորդելու քո՛ հերթն է
Նոյեմբերի 15-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած հերթական հանդիպմանը մասնակցեցին Ակադեմիայի մագիստրանտները, Հիմնադրամի ներկայացուցիչը և Քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի շրջանավարտ Պողոս Մամիկոնյանը: Վերջինս բուհն ավարտելուց հետո, կարևորելով առաջնորդի դերը պետության կայացման գործում, միացել էր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Ուսուցիչ-առաջնորդներ» երկամյա ծրագրին: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին, անկախ իրենց մասնագիտությունից, միանալու թիմին, աշխատելու լավագույն մասնագետների հետ և նպաստելու Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը:
Պողոս Մամիկոնյանը պատմեց իր անցած ուղու մասին, ուղի, որը հարուստ է եղել մարտահրավերներով: Նա իր մանկավարժական գործունեությունն սկսել և իրականացրել է Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում: Հիշելով Ակադեմիայում ուսանելու, իսկ այնուհետև բանակում ծառայելու տարիները՝ խոստովանեց, որ բավական դժվարությամբ է կայացրել դասավանդելու որոշումը: Սկզբնական շրջանում չէր կարող հաշվի չառնել կրթության հանդեպ համընդհանուր վերաբերմունքը, տեղանքի առանձնահատկությունները և ամենակարևորը՝ ի՞նչ և ինչպե՞ս սովորեցնել երեխաներին: Ի դեպ, Պողոսը «Պատմություն» է դասավանդել 6-12-րդ դասարանների շուրջ 150 աշակերտի:
Առաջնորդվելով «դասավանդել-առաջնորդել-զարգացնել» սկզբունքով՝ Պողոսն իր աշակերտների հետ ժամանակի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է համայնքային զարգացման մի շարք հետաքրքիր ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից, մասնավորապես՝ «Սմարթ կանգառ», «Սմարթ պատ», «Էկո աղբ» և այլն:
Ունկնդիրները ուշադրությամբ լսում էին Պողոսին և միգուցե իրենց առաջիկա անելիքների շարքում ծրագրում էին նաև դասավանդել հեռավոր մի գյուղում, պատկերացնում էին մարտահրավերներով լի, սակայն խոստումնալից և, ինչո՞ւ ոչ, հայրենանվեր այդ ուղին: Ամեն դեպքում, հուզող հարցերը շատ էին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Իսկ ոմանք էլ տեղում այս կարևոր շարժմանը միանալու որոշում կայացրին:
Վերջում կազմակերպվեց մասնագիտական խաղ-վիկտորինա, իսկ հաղթող թիմը Հիմնադրամի կողմից նվերներ ստացավ:
«Դասավանդի՛ր, Հայաստան». դարձե՛ք փոփոխությունների մասնակից
2015 թվականից ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ: 2013-ին ստեղծված հիմնադրամի նպատակը Հայաստանի բոլոր երեխաների կրթության հասանելիությունն ապահովելն է: Այդ նպատակի իրականացման համար հիմնադրամը հավաքագրում և վերապատրաստում է բուհերի շրջանավարտների, որոնք երկու տարի դասավանդում են Հայաստանի մարզերի ամենակարիքավոր դպրոցներում: ՀՀ ՊԿԱ վեց շրջանավարտ նույնպես նախորդ տարիներին անդամագրվել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի թիմին:
Հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է նաև Առաջնորդության զարգացման ծրագիրը՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների կարողությունների հզորացման: Դեկտեմբերի 6-ին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և Կարիերայի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ Կառավարման ակադեմիայի մագիստրանտներին ծրագրին ծանոթացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում հավաքագրման համակարգող Անժելա Ավագյանը և մասնագետ Հրանուշ Վանեսյանը, որը նույնպես մասնակցել է ծրագրին և երկու տարի անգլերեն է դասավանդել Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցում, մանրամասն տեղեկություն հաղորդեցին Առաջնորդության զարգացման ծրագրի, ընձեռվող հնարավորությունների ու առավելությունների վերաբերյալ, ծանոթացրին մասնակցության համար դիմելու կարգին, պատասխանեցին մագիստրանտների հարցերին:
Հատկապես շեշտվեց այն հանգամանքը, որ ծրագիրը մասնակիցներին անձնային աճի բազում հնարավորություններ է ընձեռում: Սկսելով իրենց դասարաններից՝ նրանք այնուհետև կարող են փոքրիկ փոփոխություններ կատարել տվյալ համայնքի կյանքում, իսկ հետագայում, ինչո՞ւ ոչ, նաև համակարգային փոփոխությունների մասնակիցը լինել: Իսկ բացահայտելով իրենց աշակերտների ներուժը՝ կարող են այն ուղղորդել դեպի համայնքային խնդիրների լուծումը, որի արդյունքը կլինի այդ համայնքների հզորացումն ու զարգացումը:
Հանդիպումն ավարտվեց այն վստահությամբ, որ Պետական կառավարման ակադեմիայի այս տարվա շրջանավարտների թվում ևս կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան ծրագրի և երկրում կատարվող փոփոխությունների մասնակիցը դառնալ:
«Ընդունի՛ր մարտահրավերը, դարձի՛ր առաջնորդ, ոգեշնչի՛ր ապագան». այս կարգախոսով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն արդեն երրորդ անգամ հյուրընկալվում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնում՝ ներկայացնելու մանրամասներ դասավանդմամբ հետաքրքրված ակադեմիականներին: «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա դասավանդման ծրագիրը նախատեսված է Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հավաքագրում և վերապատրաստում է համալսարանների շրջանավարտների ու երիտասարդ մասնագետների և գործուղում Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ ուսուցչի կարիք կա։
Ծրագրի հավաքագրման հարցերով համակարգող Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Ծրագրին դիմելու ընթացակարգը, մասնագիտական աճի, առաջնորդության հմտությունների և կարիերայի զարգացման հնարավորությունները՝ շեշտադրելով դրանց կարևորությունը հատկապես Կառավարման ակադեմիայի ուսանողների համար՝ որպես վաղվա առաջնորդների:
Ի դեպ, հավելենք, որ Պետական կառավարման ակադեմիայի վեց շրջանավարտ արդեն իսկ համալրել են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի թիմը՝ հայրենանվեր գործունեություն իրականացնելով Հայաստանի մարզերի դպրոցներում:
Ֆիլմ հաղթողի և հաղթանակի մասին
«Երբ ձեր թշնամիները սխալներ են թույլ տալիս, մի’ խանգարեք նրանց»։ «Խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ բուն խնդիրը»: «Մշտապես ձգտել հասնելու նորին, անգամ ձևավորել նոր կարծրատիպեր»: «Ես ատում եմ պարտությունը ավելի շատ, քան սիրում եմ հաղթանակը»։
Սրանք ձևակերպումներ են, որոնցում ամփոփված է ամերիկացի ռեժիսոր Բենեթ Միլերի «Մանիբոլ» կամ «Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմի փիլիսոփայությունը: Նոյեմբերի 13-ին ֆիլմի դիտում քննարկումը կազմակերպել էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների միությունն ու կարիերայի կենտրոնը «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի հետ համատեղ:
Ֆիլմը նկարահանվել է Մայքլ Լյուիսի 2003 թվականին հրատարակված գրքի հիման վրա: Այն կենսագրական դրամա է, որը պատմում է բեյսբոլի թիմի՝ «Օկլանդ Ատլետիկսի» և նրա գլխավոր մենեջեր Բիլլի Բինի մասին։ Բիլլիի նպատակն է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել մրցունակ թիմ։
Կինոդիտումից հետո «Գոյ» կենտրոնի հոգեբան Սուսաննա Ավետիսյանի ուղղորդմամբ մասնակիցները փորձեցին մեկնաբանել ֆիլմի հիմնական ասելիքը, նշեցին անձի` որպես թիմի առաջնորդի կարևոր հատկանիշները, քննարկեցին թիմային աշխատանքի նրբությունները և չմոռացան հաջողության հասնելու գլխավոր շարժիչ ուժի՝ մոտիվացիայի մասին:
«Ինեկոբանկը»՝ գործատու
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնը հյուրընկալեց «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցներին: Հանդիպման գլխավոր նպատակը բանկում առկա թափուր աշխատատեղերի մասին ՀՀ ՊԿԱ մագիստրանտներին և շրջանավարտներին տեղեկացնելն էր: Բանկային մասնագետները ներկայացրին բանկի պատմությունը, որդեգրած նոր ռազմավարությունը, առաքելությունը, մասնաճյուղերի գործունեությունը: Հանիդիպումն ընթացավ ինտերակտիվ մթնոլորտում: Հարց ու պատասխանի ընթացքում ակադեմիականները տեղեկություն ստացան «հորիզոնական» և «ուղղահայաց» կարիերայի աճի մանրամասների, բանկի ղեկավարության հետ շփման փորձի, աշխատանքային միջավայրում լիդերի դերի, կառավարման ոճերի տարբերության և աշխատանքային հարաբերություններում դրանց ազդեցության, ինչպես նաև թիմային աշխատանքի առանձնահատկությունների մասին:
ՀՀ ՊԿ ակադեմիայի հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Լուսինե Հարությունյանը իր հերթին ներկայացրեց այժմ «Ինեկոբանկում» ընթացող իր աշխատանքային փորձի մասին:
Մագիստրանտները հետաքրքրությամբ դիտեցին «Ինեկոբանկում» իրենց գործունեությունը ուսնակությամբ սկսած և աշխատանքում հաջողությունների հասած աշխատակիցների մասին պատմող տեսաֆիլմը:
Ծանոթանալով թափուր տեղի համար դիմելու և հարցազրույցի անցկացման ընթացակարգին՝ ակադեմիականները մեծ ոգևորությամբ լրացրին բանկի կողմից առաջարկված դիմում-հայտերը, որոնց հիման վրա, հնարավոր է, նրանցից շատերը աշխատանք գտնեն բանկային համակարգում:
Աշխատանք փնտրելիս դրսևորեք կրեատիվ մտածողություն
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնը մարտի 30-ին հյուրընկալեց Հայաստանում առաջին մարկետինգային հարթակը հանդիսացող Global Media Lab թիմին: Թիմի ներկայացուցիչները տասը համալսարաններում հանդես են գալիս «University Tour» նախագծով, որը կարիերայի աճին նպաստող իր բազում հնարավորություններով արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողության շրջանում։ Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին բազմաբովանդակ և հետաքրքիր նյութեր աշխատանք փնտրելու, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, աշխատաշուկայում սեփական բրենդի ստեղծման և անձի մենեջմենտի մասին: Ներկաները հնարավորություն ստացան իրենց գրադարանը և ֆիլմադարանը ավելացնելու անձնական զարգացմանը նպաստող նոր գրքերով ու ֆիլմերով:
«Չկա աշխատանք», «Ինչու՞ չունենք աշխատանք», «Modern CV» թեմաները մեկնաբանելիս Global Media Lab ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը մանրամասն անդրադարձավ աշխատանք չգտնելու պատճառներին, ծանոթացրեց մի շարք նոր, սակայն հայաստանյան աշխատաշուկայում, ցավոք, դեռևս տարածում չգտած ինքնակենսագրությունների ձևերի կազմմանը, ձևեր, որոնք մեծապես կնպաստեն անձի կրեատիվ մտածողության զարգացմանը, աշխատանքի համար դիմելու դեպքում հարցազրույցի ժամանակ սեփական առանձնահատկությունները ներկայացնելու մշակույթի ձևավորմանը: Թերեզա Գրիգորյանը խորհուրդ տվեց համարձակ լինել աշխատանք փնտրելիս և ոչ մի դեպքում չընկճվել:
skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցն իր հերթին լսարանին ներկայացրեց այն տասը կարևոր հմտությունները, որոնք պետք է զարգացնել «ընդմիշտ պահանջված լինելու համար»: Որպես գործատու` թրեյնինգավարը հատկապես կարևորեց թիմում աշխատելու ունակությունը, բանակցություններ վարելու արվեստին տիրապետելը, խնդիրները համակարգված լուծելու կարողությունը: Ըստ Սերգեյ Ուսնունցի` «ինքնակրթությունը և ինքնազարգացումը դառնալու են ապագայի առանցքային հմտությունները»: Իսկ նրա կողմից առաջադրված հռետորական հարցը` «Իսկ դու պատրա՞ստ ես ապագայի հետ հանդիպմանը», շատերի համար լուրջ մտորումների առիթ դարձավ:
Ոչ պակաս արդիական թեմա ներկայացրեց Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը: Անձի բրենդին և մարկետինգին առնչվող թեմայի նրա ներկայացումը հագեցած էր բազում օրինակներով ու խորհուրդներով: Եթե ոչ վաղ անցյալում սխալ էր ընկալվում «Ինչպե՞ս վաճառել ինքդ քեզ` որպես բրենդ» արտահայտությունը, ապա այսօր շատերը սեփական բրենդը կերտելու և այն ըստ հավուր պատշաճի ներկայացնելու քայլեր են ձեռնարկում: Գիտելիքը միակ «ապրանքն է», որ կարողանում ենք ստանալ և «վաճառել»:
Տեղեկատվությամբ հագեցած հանդիպման վերջում անցկացվեց ինտերակտիվ խաղ, որին մասնակցեցին բոլոր ներկաները: Հաղթողներն արժանացան մրցանակների:
Շնորհակալություն հայտնելով Կառավարման ակադեմիային ջերմ ընդունելության և լսարանի ակտիվ ներգրավվածության համար` բանախոսները ևս մեկ անգամ կարևորեցին շարունակական զարգացումը, ինքնակրթությունը, սեփական «ես»-ի կատարելագործումը՝ ոչ միայն աշխատաշուկայում մրցունակ լինելու, այլև կյանքում բազում հաջողությունների հասնելու և մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար:
Ինքնադրսևորումը աշխատաշուկայում՝ սեփական բրենդի կառուցում
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դեկտեմբերի 14-ին շարունակվեց «Առաջին քայլերն աշխատաշուկայում. ինչի՞ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմայով թրեյնինգը: Այս անգամ մասնակից մագիստրանտները թրեյներ Անի Մարգարյանի խորհրդով փորձեցին տարբերակել «իրական ես»-ը «իդեալական ես»-ից, և այն քայլերը, որոնք կօգնեն նպատակադրված հասնել «իդեալականին»:
Այսօր շատ գործատուներ պահանջում են ներկայացնել ինքնակենսագրություն, ուղեկցող նամակ, երաշխավորագիր: Անդրադառնալով յուրաքանչյուրին` ակադեմիականները ծանոթացան դրանց տարբերություններին: Նորույթ էր տեսակենսագրության (videoCV) ձևաչափը: Մագիստրանտների կազմած ինքնակենսագրությունները դիտարկելիս Անի Մարգարյանը բազում օգտակար խորհուրդներ տվեց՝ հանգամանորեն անդրադառնալով սխալներին, բացթողումներին և վերջիններս առավել ազդեցիկ դարձնելու միջոցներին: Գրագետ ինքնակենսագրություն կազմելը հեշտ գործընթաց չէ․ այն պահանջում է ժամանակ և լուրջ վերաբերմունք։
Մասնագետը բացատրեց նաև սոցիալական կայքերում անձնական էջ վարելու նրբությունները, քանզի գրեթե բոլոր գործատուներին հետաքրքրում են այդ կայքերում անձի ինքնադրսևորման եղանակները:
Իրենց պատասխանները գտան նաև մագիստրանտներին հուզող բազում կարևոր հարցեր, օրինակ՝ հարցազրույցին ճիշտ պատրաստվելու, հավուր պատշաճի ներկայանալու վերաբերյալ:
Օրվա կարևոր խորհուրդը հետևյալն էր. «Մի բան կա, որը միշտ պետք է ուղեկցի գործնական բոլոր հարաբերություններում, դա հիմնավորված և հասուն ինքնավստահությունն է»:
Դուք որոշել եք ոտք դնել աշխատաշուկա՞. հետևեք նաև մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի խորհուրդներին
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Ակադեմիայում կիրականացվի թրեյնինգային ծրագիր՝ բաղկացած երեք մասից: Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ծրագրի առաջին հանդիպումը «Առաջին քայլերն աշխատաշուկայում. ինչի՞ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմայով: Թրեյնինգը վարում էր կառավարման հոգեբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, «Joomag» ընկերության Talent Specialist, «Loft» ինքնազարգացման կենտրոնի «HR» ակումբի պատասխանատու Անի Մարգարյանը:
ՄՌԿ մասնագետը ակադեմիականներին բազմաթիվ խորհուրդներ տվեց աշխատաշուկայում սեփական բրենդը ստեղծելու ուղղությամբ՝ ասելիքը համեմելով մի շարք հետաքրքիր և հիշարժան օրինակներով, որոնց մի մասը բերված էր սեփական փորձից: Իր մասնագիտական գործունեության բազայում ունենալով մեծ թվով գործարար կապեր` Անի Մարգարյանը մի կարևոր եզրակացության է եկել. «Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում պետք է ձեռք բերել առնվազն երեք ծանոթություն»: Դա հեշտացնում և շփման նոր ճանապարհներ է բացում դեպի աշխատաշուկա: Կարևոր է գիտակցել, որ անգամ ոչ մասնագիտական աշխատանքով և կամավորությամբ զբաղվելը կարող է առավել արդյունավետ լինել, քանզի աշխատանքային փորձն այսօր ամենուր պահանջված է: Մեր մագիստրանտներն անկասկած կհիշեն «Աշխատեք ձեր թերությունները վերացնելու ուղղությամբ: Դա նշանակում է, որ ամեն օր հարկավոր է ժամանակ տրամադրել` մոտենալու համար այն գլխավոր թիրախին, որն ի սկզբանե սահմանել եք ձեզ համար: Բաց մի՛ թողեք թրեյնինգներն ու սեմինարները, դրանք այն «Zip ֆայլերն» են, որտեղ խտացված են տվյալ ոլորտի բոլոր կարևոր գրքերը, բոլոր կարևոր գիտելիքներն ու հաջողակ փորձը»:
«Մասնագիտությունը սիրելը, սիրած աշխատանքով զբաղվելը կարևոր է, այլապես թողեք այն կամ փոխեք»,- եզրափակեց մեր հյուրը:
Ծրագրի հաջորդ հանդիպումները կանցկացվեն «Սեփական բրենդի կառուցում. սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ» և «Սեփական բրենդի կառուցում. ինքնադրսևորումը աշխատանքային հարցազրույցների ժամանակ» թեմաներով:
Թրեյնինգային ծրագիր «Առաջին քայլերն աշխատաշուկայում. ինչի՟ց սկսել սեփական բրենդի կառուցումը»
ՀՀ ՊԿԱ կարիերայի կենտրոնի հրավերով Ակադեմիայում թրեյնինգային ծրագրով այս անգամ կհյուրընկալվի կառավարման հոգեբան, ՄՌ կառավարման մասնագետ, Joomag ընկերության Talent Specialist, Loft ինքնազարգացման կենտրոնի HR ակումբի պատասխանատու Անի Մարգարյանը:
Թրեյնինգային ծրագիրը կազմված է երեք հանդիպումից, որի առաջին մասը նվիրված է «Առաջին քայլերն աշխատաշուկայում. ինչի՟ց սկսել սեփական բրենդի կառուցումը» թեմային:
Մյուս հանդիպումը`«Սեփական բրենդի կառուցում. սոցցանցեր, ռեզյումե, ուղեկցող նամակ» թեմայով է:
Ավարտական հանդիպումը նվիրված կլինի «Սեփական բրենդի կառուցում. ինքնադրսևորումը աշխատանքային հարցազրույցների ժամանակ» թեմային:
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 1.5 ժամ է: Մեկնարկային հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, ՊԿԱ 1-ին հարկի N41 լսարանում:
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է` lena.grigoryan@paara.am -ին ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը և հեռախոսահամարը:
Ապագա կառավարիչները սովորում են հանրային խոսք պատրաստելու գաղտնիքները
Հանրության առջև ելույթ ունենալու կարողությունը չափազանց կարևոր է ապագա կառավարիչների համար, քանի որ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում նրանք հաճախ են առիթ ունենալու իրենց խոսքն ուղղելու ունկնդիրներին: Ցանկալի է, որ այն լինի հասկանալի, համոզիչ և ազդեցիկ: Այդ կարողության ձևավորմանը նպաստելու համար ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների միությունը և կարիերայի կենտրոնը հրավիրել էր Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր Նադեժդա Ցոլակյանին՝ Կառավարման ակադեմիայի մագիստրանտների համար մեկօրյա թրեյնինգ անցկացնելու: Նադեժդա Ցոլակյանը ավելի քան յոթ տարվա փորձ ունի հանրային խոսքի և հաղորդակցության ոլորտում, ուստի նրա խոսքը համեմված էր ինչպես սեփական, այնպես էլ հեղինակավոր անձանց կենսափորձից բերված օրինակներով:
Հրապարակային խոսքի վարպետությանը դեռևս չտիրապետող մագիստրանտների լարվածությունը մեղմելու համար թրեյնինգավարը նրանց գործնական առաջադրանքներ տվեց՝ ընթացքում պատասխանելով բազմաթիվ հուզող հարցերի:
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ թեև հանրային խոսք կառուցելու հմտությունը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում, սակայն թրեյնինգը Կառավարման ակադեմիայի մագիստրանտներին հնարավորություն տվեց տեղեկանալու այն պատրաստելու և հանրության առջև ելույթ ունենալու այնպիսի կարևոր նրբությունների մասին, ինչպիսիք են ձայնի տեմբրը, լսարանի հետ կոնտակտային շփումը, արտաքին տեսքի կարևորությունը և հանրային խոսքը ներկայացնելու մի շարք այլ մեթոդներ:
Թրեյնինգ «ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔ» թեմայով:
Թրեյնինգը կվարի Նադեժդա ՑՈԼԱԿՅԱՆԸ:
Նադեժդա ՑՈԼԱԿՅԱՆԸ Բանակցության երևանյան կենտրոնի համահիմնադիր է: Ունի ավելի քան յոթ տարվա փորձ հանրային խոսքի և հաղորդակցության ոլորտում:
Ուսումը ստացել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանում որպես լեզվաբան և քաղաքագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանում ստացել է իրավագետի մագիստրոսի կոչում: Անցնում է երկրորդ մագիստրատուրան ԵՊԼՀ հանրային կապերի բաժնում։Բանակցության գծով վերապատրաստվել է Հարվարդյան բանակցության ծրագրի մեթոդաբանությամբ: Դասավանդում է բանակցություն առարկան Հայ-ռուսական (սլավոնական) և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում։
Հանդիպում ենք հոկտեմբերի 18-ին` ժամը 14:00-ին,Ռ. Եզեգելյանի անվան լսարանում` 41(1-ին հարկ): Գրանցումը պարտադիր է (lena.grigoryan@paara.am էլ. հասցեին ուղարկել անուն և ազգանուն):
Թրեյնինգ «Կարիերայի կառավարում/պլանավորում»
Ավարտվեց ՀՀ ՊԿԱ կարիերայի կենտրոնի և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Կարիերայի կառավարում/պլանավորում» թրեյնինգը:
Ամփոփելով թրեյնինգը` սովորեցինք մեր կարիերայի կերտման, կառավարման, պլանավորման ճանապարհին մտածել և գործել կրեատիվ և ստանդարտներից դուրս:
Վստահ ենք` հաջողությունը մեր ուղեկիցն է, իսկ փորձը` կիրառվելիք արդյունքը:
«Կարիերայի պլանավորում/ կառավարում»
Եթե ցանկանում եք հաջողության հասնել բիզնեսում
ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ Ակադեմիայի սովորողները փետրվարի 24-ին հնարավորություն ունեցան մասնակցելու թրեյնինգի, որը վարում էր «gg Taxi» օպերացիոն գծով տնօրեն, «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը: Մարքեթինգի վերաբերյալ նրա գիտելիքները հիմնված են ինչպես սեփական, այնպես էլ համաշխարհային փորձի վրա. սեփական գործը հիմնելուց առաջ Վահրամ Միրաքյանն իր գործընկերների հետ ուսումնասիրել է աշխարհում հայտնի ընկերությունների աշխատաոճը, ծանոթացել հաջողության հասնելու նրանց սկզբունքներին: Այդ ամենը դասընթացների միջոցով նա փոխանցում է մարքեթինգով հետաքրքրվող և բիզնեսում քայլեր անող երիտասարդներին: Առաջիկայում կհրատարակվի նաև Վահրամ Միրաքյանի «Չոր մարքեթինգ» գիրքը:
Կառավարման ակադեմիայի ուսանողների հետ հանդիպմանը Վահրամ Միրաքյանը խոսեց բիզնեսի այն կարևոր սկզբունքների մասին, որոնք կարող են հաջողություն ապահովել համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Նշելով, որ գոյություն ունեն մարքեթինգի հարյուրավոր սահմանումներ, բանախոսը խոսեց դրա հիմնական սկզբունքի՝ վաճառքը մեծացնելու հնարավոր եղանակների մասին: Երկխոսության նյութ դարձավ նաև սոցիալական ցանցերի միջոցով արդյունավետ վաճառք իրականացնելու խնդիրը:
Մեր երկրում մարքեթինգը նոր երևույթ է, քանի որ խորհրդային տարիներին առհասարակ չկար վաճառքի, հետևաբար նաև մարկետինգի խնդիր: Ուստի այդ գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լավ յուրացնել մարքեթինգի գլխավոր խնդիրը. դա տարբերվելն է բիզնես-շուկայում: Վահրամ Միրաքյանը խոսեց նաև այն կանոնների մասին, որոնք կարևոր են այդ գլխավոր խնդիրը լուծելու համար:
Ծրագիր՝ կրթության որակի բարելավման նպատակով
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի հյուրերն էին «Կրթություն Հայաստան» (“Teach for Armenia”) կազմակերպության ներկայացուցիչները` հավաքագրման և ընտրության տնօրեն Թենի Ավագյանը և իրենց կողմից իրականացվող ծրագրի 2015-2017թթ. մասնակից Մանուկ Խաչատրյանը: Նրանք մանրամասն ներկայացրեցին ծրագրի էությունը և հավաքագրման գործընթացը:
«Կրթություն Հայաստանը» հավաքագրում և վերապատրաստում է հարուստ ձեռքբերումներ ունեցող երիտասարդ մասնագետների, ովքեր երկու տարի կդասավանդեն դպրոցներում՝ աջակցելով բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման ծրագրին։ Ծրագրի առաքելությունը Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակի բարելավումն է, ինչպես նաև հնարավորության ստեղծումը աշակերտների ներկայի և ապագայի վրա մասնակիցների անմիջական ազդեցության համար`միաժամանակ զարգացնելով սեփական կարիերան:
Թենի Ավագյանը մանրամասն ներկայացրեց ծրագրում ներգրավվելու ընթացակարգը, իսկ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի շրջանավարտ Մանուկ Խաչատրյանը՝ դասավանդելու իր հետաքրքիր փորձը:
Բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են ծրագրում ընդգրկվելու հարցում, կարող են դիմել ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոն:
Դասընթացից մինչև սեփական բիզնես
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները Ակադեմիայի շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline) կազմակերպած «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակի կրճատմանը և աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Դասընթացն անցկացվելու է երեք փուլով: Մասնակցելով առաջին փուլին՝ Ակադեմիայի ուսանողները ծանոթացան աշխատանք գտնելու հնարավոր աղբյուրներին, գրագետ կերպով ինքնակենսագրություն (CV, Resume) կազմելու, աշխատաշուկայում ինտեգրվելու և աշխատանքային հարցազրույցներին պատշաճ ներկայանալու հմտություններին:
Երկրորդ փուլին մասնակցելու համար մեր ուսանողները ներկայացրին իրենց բիզնես-գաղափարները: Ընտրվելու դեպքում նրանց համար կկազմակերպվի հատուկ մասնագիտական դասընթաց՝ «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այդ փուլում հաջողություն ունեցողներին երրորդ փուլում աջակից կլինեն ծրագրի կազմակերպիչները՝ Հայաստանում հիմնելու և վարելու սեփական բիզնեսը:
«Հաղորդակցման հմտություններ» թեմայով թրեյնինգ
Կառավարման ակադեմիայի ուսանողների և աշխատակազմի համար Շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվեց ևս մեկ կարևոր և շա՜տ հետաքրքիր հանդիպում «Հաղորդակցման հմտություններ» թեմայով։ 3 ժամ տևողությամբ թրեյնինգն անցկացվեց ջերմ և անմիջական մթնոլորտում։ Խաղափորձերի, անձը բացահայտող և ոգեշնչող զրույցների շնորհիվ մեր ակտիվ մասնակիցները ձեռք բերեցին այն կարևոր հմտությունները, որոնք կկիրառեն իրենց հաղորդակցման և շփման մեջ։Մասնակիցների նախաձեռնությամբ հմուտ մասնագետ, թրեյնինգավար Շահանե Բեգլարյանը (ՄԿՄԿ-ի գլխավոր մասնագետ, հոգեբան) ևս մեկ հրավեր ստացավ՝ այցելելու և հանդիպում անցկացնելու մեր ուսանողների հետ այլ թեմայի շուրջ։
Մենեջմենթը՝ ստանդարտից դուրս
ՀՀ ՊԿԱ շրջանավարտների միության և կարիերայի կենտրոնը, համագործակցելով Blue Book Training & Coaching կենտրոնի հետ, Ակադեմիայի ուսանողների, շրջանավարտների և աշխատակազմի համար կազմակերպեց հերթական հանդիպում-թրեյնինգ` «Ստանդարտներից դուրս մենեջմենթ» թեմայով: Թրեյնինգը վարում էր Blue Book Training & Coaching կենտրոնի համահիմնադիր, հիմնական թրեյնինգավար, Մանչեսթրի համալսարանի մագիստրոս, «Ռունա Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մասնագետ Նարեկ Մանասերյանը։
Նա ներկայացրեց դասական և ժամանակակից մենեջմենթի հիմնական տարբերությունները, ունկնդիրներին ծանոթացրեց մենեջերի չորս տիպերին: Թրեյնինգի մասնակիցները սովորեցին տարանջատել լիդերը ղեկավարից, ձեռք բերեցին որոշումներ կայացնելու հմտություններ, հետաքրքիր բանավեճ ունեցան բիզնես պլան կազմելու և կանխատեսելու ռազմավարության շուրջ, բացահայտեցին բիզնեսը ճկուն ղեկավարելու արվեստը: