Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

PROMOEU ԾՐԱԳԻՐ

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  Էրազմուս+ ծրագրի  Ժան Մոնե գործողությունների շրջանակներում իրականացվող PROMOEU Promotion of the European Studies in Armenia (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

Ծրագրի տևողությունը երկու տարի է (2020 թ. հոկտեմբեր-2022 թ. հոկտեմբեր):

Ծրագրի գործընկերներն են՝

  1. Մարիբորի համալսարանը՝ Սլովենիա (համակարգող)
  2. ՀՀ պետական կառավարման ակադեմիան
  3. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը
  4. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը
  5. Գլաձոր համալսարանը
  6. Էլեգիա¦ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:

2020 թ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ PROMOEU ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին ծրագրի աշխատանքների ժամանակացույցը և գործողությունների պլանը, ծրագրի պաշտոնական կայքէջի և տարբերանշանի (logo) ստեղծման հետ կապված հարցեր:

Ծրագրի գործողության ընթացքում նախատեսվում է կազմակերպել տեղեկատվական հանդիպում Հայաստանում, ուսումնական այց Սլովենիայի Մարիբորի համալսարան՝ ուսումնասիրելու եվրոպական փորձը՝ հետագայում հայկական բուհերում համապատասախան դասընթացներ ստեղծելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև ամառային դպրոց հայաստանյան գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ, վիրտուալ փորձնական դասընթացներ գործընկեր հաստատությունների ուսանողների համար, ինչպես նաև գիտաժողով` ծրագրի արդյունքների և ձեռքբերումների ամփոփումով:

 

Այց Մարիբորի համալսարան՝ PROMOEU ծրագրի շրջանակներում

 

 

 

2022 թ. հոկտեմբերի 24-ից 28-ը ԵՄ ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Ժան Մոնե»  ծրագրի շրջանակներում իրականացվող PROMՕEU – Promotion of European Studies in Armenia (Եվրոպագիտության խթանումը Հայաստանում) ծրագրի գործողությունների պլանի համաձայն՝ տեղի ունեցավ ծրագրի կոնսորցիում հայաստանյան բուհերի ներկայացուցիչների աշխատանքային այց PROMՕEU եվրոպական գործընկեր բուհ՝ Մարիբորի համալսարան (Սլովենիա): Համալսարանը հիմնադրվել է 1975 թվականին, ունի 17 ֆակուլտետ և ավելի քան 18 հազար ուսանող:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայից աշխատանքային այցին մասնակցեցին ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը և Կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանը:

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին ողջունեց Մարիբորի համալսարանի ռեկտոր Զդրավկո Կաչիչը:

Աշխատանքային այցի մասնակիցները տեղեկացվեցին բուհի գործունեության, գիտական և կրթական ծրագրերի, միջազգային կապերի և համագործակցության, իրականացված և ընթացիկ միջազգային ծրագրերի ու ձեռքբերումների մասին:

Թ. Խեչոյանը ներկայացրեց միջազգային համագործակցության ոլորտում ՀՀ ՊԿԱ-ի հնարավորություններն ու հաջողությունները և Մարիբորի համալսարանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունների առաջարկները: Վ. Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների տնտեսական ցուցիչների համեմատական վերլուծություն: Ակադեմիայի ներկայացուցիչները պատասխանեցին Մարիբորի համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ֆակուլտետի դեկանի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ու գրադարանի տնօրենին հետաքրքրող հարցերին, այնուհետև այցելեցին հյուրընկալ բուհի գրադարան, ծանոթացան գրադարանի աշխատանքներին ու հնարավորություններին:

Ծրագրի ղեկավարի՝ պրոֆեսոր Դևետակի և Մարիբորի համալսարանի ու հայաստանյան բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Մասնավորապես կարևորվեց անձնակազմի և ուսանողների կրեդիտների միջազգային շարժունության, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների իրականացումը:

Քննարկվեցին նաև ծրագրի հետագա գործողությունները՝ առցանց դասախոսությունների իրականացումը Մարիբորի համալսարանի դասախոսների կողմից Հայաստանի գործընկեր բուհերի դասախոսների և ուսանողների համար, ուսանողական էսսեների էլեկտրոնային տպագրության, 2023 թ. Երևանում կայանալիք ուսանողական ամառային դպրոցի, ինչպես նաև ծրագրի ամփոփիչ համաժողովի կազմակերպման մանրամասները: