Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

SMARTI ԾՐԱԳԻՐ

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության  Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող  SMARTI Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in Order to Improve Educational Yield, Sustainability and Internationalization (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

Ծրագրի տևողությունը երեք տարի է ( 2021–2024 թթ.):

Ծրագրի գործընկերներն են՝

  1. Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը՝ Գերմանիա (ծրագրի համակարգող)
  2. Ռիգայի տեխնիկական համալսարանը՝ Լատվիա
  3. Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանը՝ Միացյալ Թագավորություն
  4. Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը՝ Պորտուգալիա
  5. Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանը՝ Ռուսաստան (համակարգող Ռուսաստանում)
  6. Իրկուտսկի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանը՝ Ռուսաստան
  7. Կազանի դաշնային համալսարանը՝ Ռուսաստան
  8. Պետրոզավոդսկի պետական համալսարանը՝ Ռուսաստան
  9. «Ռուսական ռեգիստր» հավաստագրման ասոցիացիան՝ Ռուսաստան
  10. ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ Հայաստան (համակարգող Հայաստանում)
  11. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը՝ Հայաստան
  12. Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ Հայաստան
  13. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը՝ Հայաստան
  14. Գորիսի պետական համալսարանը՝ Հայաստան
  15. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը՝ Հայաստան:

LNSS_Facebook    LNSS_Twitter 

 

Գործողություններ

SMARTI ծրագիրն ամփոփում է մինչ այժմ իրականացված աշխատանքները

 

 

 

 

Եվրամիության Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին: Մի շարք երկրների բուհերից բացի, ծրագրի կոնսորցիումի անդամ բուհերի թվում են նաև հայաստանյան մի քանի հաստատություններ, որոնց աշխատանքները համակարգում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Ծրագրի շրջանակում մինչ այժմ իրականացված աշխատանքները վերլուծելու, հայաստանյան բուհերի հանդիպումների արդյունքներն ամփոփելու, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ճանապարհային քարտեզը հստակեցնելու և տեխնիկական մի շարք հարցեր քննարկելու նպատակով սեպտեմբերի 27-30-ը տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ծրագրի մասնակից հայաստանյան մյուս հաստատությունների ներկայացուցիչների հանդիպումը, որը կազմակերպված էր հիբրիդային եղանակով: Այդ կապակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալել էր Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենին և նույն համալսարանի դասախոս Կատյա Ուլմանին: Սեպտեմբերի 28-ին Ջերարդ Քալենին հանդես եկավ դասախոսությամբ։ Նույն օրը առցանց դասախոսություն կարդացին նաև նույն համալսարանի դասախոսներ Անդրեա Ստուբենռուչը և Սվեն Ռիդելլը։

Հանդիպումը մեկնարկեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի ողջույնի խոսքով: Որպես տեղական համակարգող բուհի ռեկտոր՝ նա ողջունեց մասնակիցներին և արգասաբեր աշխատանք մաղթեց:

Եռօրյա հանդիպման առաջին օրը ծրագրի հայաստանյան ներկայացուցիչները ներկայացրին ծրագրի շրջանակում մինչ օրս կատարված աշխատանքները: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ «Անգլերենը որպես դասավանդման միջոց» ընդհանուր խորագրով սեմինար/վերապատրաստում:

Նշենք, որ ծրագիրը միտված է խթանելու անգլերենով դասավանդման միջոցով Կոնսորցիումի անդամ բուհերի միջազգայնացումը, ուսանողների ու դասախոսների շարժունությունը:

 

 

 

SMARTI ծրագրի ղեկավար խմբի հանդիպումը կայացավ Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում

 

  

2022 թ. ապրիլի 19-21-ը Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում տեղի ունեցավ ԵՄ Էրազմուս+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող SMARTI ծրագրի ղեկավար խմբի հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը:

Քննարկվեցին ծրագրի շրջանակում ցայսօր կատարված աշխատանքները, առաջ եկած խնդիրները և հետագա գործողությունները:

Թ. Խեչոյանը ներկայացրեց SMARTI կոնսորցիումի հայաստանյան գործընկեր հաստատությունների կատարած աշխատանքները, որը բարձր գնահատվեց ներկաների կողմից:

Ծրագրի հաջորդ գործողությունը՝ ուսումնական մոդուլների պատրաստման գծով դասընթացը, տեղի կունենա Լիվերպուլի Ջոն Մուրսի անվան համալսարանում՝ սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում, իսկ ծրագրի իրազեկման ազգային միջոցառումները հայաստանյան գործընկեր հաստատություններում՝ հոկտեմբերին:

SMARTI լրատուի 2022 թ. առաջին թողարկումը նախատեսվում է լույս ընծայել հունիսին:

 

 

Ավարտվեցին «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿՓԵՀ» խորագրով ներբուհական վերապատրաստումները

 

 

 

2022 թ. ապրիլի 12-ին և 15-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում ավարտվեցին «Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿՓԵՀ» խորագրով ներբուհական վերապատրաստումները: Վերապատրաստման վերջին մասը նվիրված էր անգլերենով սահիկաշարերի արդյունավետ ներկայացմանը:  

Ապրիլի 12-ին կայացած առաջին տեսական դասին մասնակիցները ծանոթացան այն միջոցներին, որոնք օգնում են սահիկաշարերը դարձնել առավել արդյունավետ և հետաքրքիր: Դասի ավարտին նրանց հանձնարարվեց սահիկաշարեր պատրաստել իրենց նախընտրած թեմաների վերաբերյալ՝ կիրառելով ներկայացված միջոցները:

Ապրիլի 15-ի եզրափակիչ հանդիպումը վերածվեց վարպետաց դասի. մասնակիցները ներկայացրին իրենց պատրաստած սահիկաշարերը անգլերենով: Ակնհայտ էր, որ ստեղծագործ ու գրավիչ այդ սահիկաշարերը պատրաստելիս նրանք կիրառել էին գիտելիքի և հմտությունների այն զինանոցը, որը ձևավորվել էր SMARTI ծրագրի շրջանակում կազմակերպված ներբուհական վերապատրաստումների ընթացքում՝ այդպիսով ապացուցելով դրանց արդյունավետությունը:   Ակնհայտ էր նաև, որ վերապատրաստումների վերջնարդյունքները գոհացուցիչ էին, շահառուները՝ բավարարված:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, որ նույնպես մասնակցում էր վերապատրաստումներին, մասնակիցներին հավաստագրեր հանձնեց: Մասնակիցներն էլ հույս հայտնեցին, որ նման վերապատրաստման ծրագրերը շարունակական կլինեն:

Նշենք, որ վերապատրաստումների շարքը կազմակերպել էին Թերեզա Խեչոյանը և Տաթևիկ Մովսիսյանը՝ հիմնվելով 2022 թ. հունվարի 17-ից 22-ը SMARTI ծրագրի շրջանակում Պորտոյում կայացած վերապատրաստման դասընթացի վրա: Նրանք շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին՝ վերջիններիս խոստանալով հնարավորություն ընձեռել մասնակցելու փափուկ և կոշտ հմտություններ զարգացնող այլ միջոցառումների ևս:  

 

  

 

 

ՀՀ ՊԿԱ-ում շարունակվում են «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը» խորագրով վերապատրաստումները

 

 

 

 

2022 թ. ապրիլի 5-ին և 8-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվեցին ներբուհական վերապատրաստումները SMARTI ծրագրի շրջանակում: Ներկայացվեցին Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը (ԿՓԵՀ) և Թյունինգ մեթոդաբանությունը: Վերապատրաստման 32 մասնակիցները բավականին ոգևորված էին հերթական դասընթացի թեմաներով: Դասընթացավարը ծրագրի թիմի անդամ, ՀՀ ՊԿԱ որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանն էր: Նրան աջակցում էին Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, ծրագրի՝ հայաստանյան բուհերի համակարգող Թերեզա Խեչոյանը և Կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծրագրի թիմի անդամ Տաթևիկ Մովսիսյանը:

Ապրիլի 5-ին կայացած առաջին՝ տեսական, ինտերակտիվ դասը ներառում էր մի շարք խաղեր և հանձնարարություններ՝ լսարանի՝ մատուցված տեղեկության յուրացման ստուգման նպատակով: Հանդիպման վերջում մասնակիցներին հանձնարարվեց մշակել առարկայական/կրթական ծրագիր կամ գնահատման ռուբրիկ ԿՓԵՀ-ի սկզբունքների և Թյունինգ մեթոդաբանության կիրառմամբ:

Ապրիլի 8-ին տեղի ունեցած երկրորդ՝ գործնական, հանդիպմանը Որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ Գայանե Մարտիրոսյանը ներկայացրեց ԿՓԵՀ-ի և Թյունինգ մեթոդաբանությանը նվիրված առաջին դասից ակնկալվող վերջնարդյունքներից մասնակիցների բավարարվածության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները:

Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչ Անի Մոմճյանը ներկայացրեց «Արհեստական բանականություն» դասընթացի առարկայական ծրագիրը, Կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Լաուրա Պետրոսյանը՝ «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, իսկ Գիտության բաժնի պետ Արմենակ Այվազյանը՝ «Տեղեկատվական կառավարում» դասընթացի առարկայական ծրագիրը: Հատկանշական է, որ հանձնարարությունները կատարվել էին ԿՓԵՀ-ի պահանջներին համահունչ՝ մեծ կարևորության տալով Բլումի տաքսոնոմիայի կիրառմամբ ուսումնառության վերջնարդյունքների սահմանմանը՝ վերջիններս չափելի դարձնելու նպատակով:

Ուսանողներից Գյուլնարա Դանիելյանը, Նոննա Վարդանյանը և Մերի Հարությունյանը ներկայացրին մագիստրոսական թեզերի գնահատման ռուբրիկի իրենց տարբերակը:

   

 

 

Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ/Թյունինգ մոդուլային վերապատրաստումների մեկնարկ ՀՀ ՊԿԱ-ում

 

 

 

2022 թ. մարտի 30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց հունվարի 17-ից 22-ը Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում SMARTI-ի ծրագրի շրջանակում «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգ» խորագրով անցկացված վերապատրաստման հիման վրա մշակված դասընթացների շարքը: Այն ներառում է վեց ինտերակտիվ դասեր՝ երեք տեսական և երեք գործնական:

Առաջին երկու դասերը կայացան մարտի 30-ին և ապրիլի 1-ին: Դասընթացների շարքը կազմակերպել էին ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, ծրագրի հայաստանյան գործընկեր հաստատությունների համակարգող Թերեզա Խեչոյանը և նույն կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծրագրի թիմի անդամ Տաթևիկ Մովսիսյանը

Վերապատրաստման դասընթացների մասնակիցներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը: Իր խոսքում նա շեշտեց վարչական և պրոֆեսորադասախոսական կազմերի կարողությունների հզորացմանը միտված նմանատիպ վերապատրաստումների կարևորությունը, ինչպես նաև կարևորեց SMARTI-ի ծրագրի դերը ծրագրի հայաստանյան բուհերի միջազգայնացումը խթանելու գործում՝ ԱԴՄ (EMI/ Անգլերենը որպես դասավանդման միջոց) կենտրոնների հիմնման միջոցով:

Տեսական դասի ընթացքում ակադեմիական, մասնավորապես՝ ակադեմիական անգլերենով գիտական աշխատանքներ գրելու վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ ծրագրի թիմի անդամ, անգլերենով դասավանդող դասախոս Խաչատուր Բեզիրջյանը: Դասախոսության շրջանակում քննարկվեցին գրագողությանը, գիտահետազոտական մեթոդաբանությանը, ինչպես նաև հետազոտական աշխատանքների կառուցվածքին առնչվող հարցեր:

Մեծ լսարանը (37 մասնակից՝  ներառյալ դասախոսներ և ուսանողներ) խանդավառված էր անգլերենով որակյալ զեկույցներ և հետազոտական աշխատանքներ գրելու և ներկայացնելու նոր հմտություններ սովորելու հնարավորությամբ: Նախորդ դասին դասընթացների մասնակիցներին հանձնարարվել էր սահիկաշարեր պատրաստել՝ ակադեմիական անգլերենի կիրառումը կատարելագործելու նպատակով: Ապրիլի 1-ին կայացած գործնական դասի ընթացքում մասնակիցների ներկայացրած սահիկաշարերի թիվը ցուցիչն էր այն բանի, որ լսարանը մեծապես հետաքրքրված էր ակադեմիական անգլերենի կատարելագորման հնարավորությամբ:

Մի քանի ուսանող սահիկաշարեր ներկայացրին իրենց մագիստրոսական թեզերի վերաբերյալ՝ գործնականում կիրառելով նոր ձեռք բերած գիտելիքները և մեթոդները:  

 

 

 

 

 

 

 

 

«Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը» խորագրով մեկշաբաթյա հիբրիդային ձևաչափով վերապատրաստում Պորտոյում

 

  

  

2022 թ. հունվարի 17-21-ը Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանում կայացավ SMARTI ծրագրով նախատեսված «Անգլերենը հատուկ նպատակների համար և Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգը» խորագրով մեկշաբաթյա հիբրիդային ձևաչափով վերապատրաստումը: Հանդիպումը կազմակերպել էր վերոհիշյալ համալսարանի դասախոս, ծրագրի 4-րդ աշխատանքային փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն: Միջոցառմանը ներկա էր նաև ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից:

Վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները Հայաստանից (14 հոգի), Ռուսաստանից, Պորտուգալիայից, Գերմանիայից և Լատվիայից: Միջոցառմանն առցանց մասնակցում էին նաև գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները Միացյալ Թագավորությունից, Լատվիայից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:

Ակադեմիան ներկայացնում էին ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, Միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար, ծրագրի՝ հայաստանյան բուհերի համակարգող Թերեզա Խեչոյանը և Կենտրոնի ղեկավարի տեղակալ Տաթևիկ Մովսիսյանը:

Մեկշաբաթյա վերապատրաստման թիրախն անգլերենի և անգլերենով դասավանդող դասախոսները, բուհերի միջազգային բաժինների ներկայացուցիչներն էին: Վերապատրաստման օրակարգը ներառում էր հարցեր, որոնք առնչվում էին մոտիվացիոն նամակ, ուղեկցող նամակ, արձանագրություններ, զեկույցներ կազմելուն, ներկայանալի սահիկաշար պատրաստելուն և ներկայացնելուն, Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի բաղադրիչներին, նշված համակարգով ամրագրված ուսումնառության վերջնարդյունքների սահմանման սկզբունքներին և այլն:

Հանդիպումների ընթացքում անգլերենով դասավանդման իրենց փորձն առցանց ներկայացրին Ռիգայի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Մարինա Պլատոնովան և Տատյանա Սմիրնովան, Լիվերպուլի Ջոն Մուրսի համալսարանի ներկայացուցիչներ Մորիս Ռոյսը, Քեյսի Բոմոնը, Ռայան Ուին-Ուիլյամսը:

Վերապատրաստման շաբաթվա ընթացքում կայացան նաև մի շարք հանդիպում-քննարկումներ՝ ծրագրի հետագա գործողությունները սահմանելու, առկա մարտահրավերներն ու խնդիրները վերհանելու և դրանց լուծման միջոցներ գտնելու ուղղությամբ:

 

 

Լույս տեսավ SMARTI ծրագրի լրատուի առաջին թողարկումը հայերենով և անգլերենով

 

 

Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող  SMARTI ծրագիրն այսուհետ կունենա իր էլետրոնային տեղեկատուն՝ «SMARTI լրատուն»: Նախատեսված է տարեկան լույս ընծայել լրատուի երկու թողարկում, որտեղ կլուսաբանվեն SMARTI ծրագրի շրջանակում Հայաստանում և Ռուսաստանում կատարված աշխատանքները, կներկայացվեն հետագա ծրագրերն ու գործողությունները:

Լրատուի առաջին թողարկումը հրապարակվել է 2021 թ. նոյեմբերի 25-ին: Այն պատրաստել են ծրագրի հայաստանյան AIDA (Awareness, Interest, Desire, Action) խմբի անդամներ Տաթևիկ Մովսիսյանը (ՀՀ ՊԿԱ), Աննա Մարտիկյանը (ՇՊՀ),  Սոնա Ալավերդյանը (ԳՊՀ), Սուսաննա Հայրապետյանը (ՀԱԱՀ), Ելենա Հարությունյանը (ՈԱԱԿ), Գայանե Քանարյանը(ՎՊՀ): Թողարկման խմբագիրը Լուսիկ Վարդանյանն է (ՎՊՀ):

 

Իրազեկում SMARTI ծրագրի մասին՝ Որակի համաշխարհային օրվա միջոցառման շրջանակում

 

2021 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվեց «Կյանքի որակ և կրթության որակ» խորագրով առցանց հանդիպում՝ Որակի համաշխարհային օրվա շրջանակում: Հանդիպմանը մասնակցում էին Ակադեմիայի անձնակազմը, ուսանողները և շրջանավարտները: Հանդիպման նպատակը Ակադեմիայում իրականացվող կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված քայլերը լուսաբանելն էր:

Հանդիպմանը ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանը հանդես եկավ ելույթով՝ մատնանշելով, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակներից չորրորդն առնչվում է կրթության որակին:

Թերեզա Խեչոյանը նաև ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության կարողությունների զարգացման SMARTI ծրագիրը՝ կարևորելով դրա դերը Ակադեմիայում և ծրագրի կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերում կրթության որակի բարելավման գործում: Նա նաև խոսեց ծրագրի բովանդակության, նպատակների և հատուկ խնդիրների, ծրագրի շրջանակում հայաստանյան բուհերում անգլերենի դասավանդման կենտրոնների հիմնման, մշակվելիք ինը մոդուլների, ինչպես նաև ծրագրի շարունակականության մասին:

SMARTI ծրագրի միջոցով կրթության որակի բարձրացման դիտանկյունից Թերեզա Խեչոյանը նաև անդրադարձավ անգլերենի՝ որպես Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման միջոցի կարևորությանը՝ ներկայիս աշխատաշուկայում ուսանողների համատեղելիությունը և մրցունակությունը ապահովելու առումով:

Ի լրումն՝ նա նաև նշեց, որ ծրագրի կարևոր խնդիրն է «Հանրային կառավարում» կրթական ծրագիրը անգլերենի վերածելը՝ ներգնա ուսանողներ գրավելու, այդպիսով նաև Ակադեմիայի ռազմավարական առաջնահերթություններից մեկը՝ միջազգայնացումը, խթանելու նպատակով:

 

SMARTI ծրագրի հայաստանյան բուհերի առաջիկա գործողությունների համակարգման հանդիպում

 

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը՝ որպես SMARTI ծրագրում ընդգրկված հայաստանյան բուհերի համակարգող բուհի ներկայացուցիչ, անցկացրեց հերթական առցանց հանդիպումը ծրագրի գործընկեր հաստատությունների՝ ՀՀ ՊԿԱ-ի, ԳՊՀ-ի, ՇՊՀ-ի, ՎՊՀ-ի, ՀԱԱՀ-ի և ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նշված բուհերում ծրագրի շրջանակում նախատեսված անգլերենի դասավանդման կենտրոնների ստեղծմանը և տեխնիկական սպառազինմանը, անձնակազմի ներգրավմանը, ծրագրի չորրորդ՝ Իրազեկման փաթեթով նախատեսված AIDA (Awareness, Interest, Desire, Action) խմբի անդամների նշանակմանը, սպասվելիք վերապատրաստման նախապատրաստմանը, ինչպես նաև  «SMARTI լրատուի» մշակմանն ու պատասխանատու անձանց ներգրավմանն առնչվող հարցեր:

Մասնակիցները բարձրացրին նաև ֆինանսական և այլ կազմակերպչական հարցեր:

 

Էրազմուս+ SMARTI ծրագրի մշտադիտարկում

 

 

  

2021 թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը  Էրազմուս+ ծրագրի համակարգող Լանա Կառլովայի ղեկավարությամբ  Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում անցկացրեց SMARTI ծրագրի մշտադիտարկում, որին մասնակցում էին  ծրագրի կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչները: Մշտադիտարկմանը ներկա էին նաև ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանը և ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանը:

Մշտադիտարկման ընթացքում ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, որպես հայաստանյան բուհերի համակարգող բուհի ներկայացուցիչ, ներկայացրեց ծրագրի ընթացքը, մինչև այդ պահն իրականացված գործողությունները և դրանց արդյունքները:

Լանա Կառլովան բարձրացրեց հարցեր՝ պարզելու համար ծրագրի իրականացման ընթացքում գրանցված արդյունքները, ակնկալվող գործողությունները, դրանց հետ կապված խոչընդոտները, ինչպես նաև նշմարվող ռիսկերը:

Բուռն քննարկումների ընթացքում կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչներն անդրադարձան ծրագրին առնչվող մի շարք հարցերի, հնչեցին նաև առաջարկներ՝ ծրագրի իրագործումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

 

Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում ղեկավար խմբի տարեկան հանդիպումը Հայաստանում

 

  

  

  

2021 թ. հոկտեմբերի 5-ից 9-ը էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում Հայաստանում տեղի ունեցան մի շարք հանդիպում-քննարկումներ ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Գերմանիայի, Լատվիայի հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 5-ին ծրագրի դրամաշնորհառու Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ, SMARTI ծրագրի ղեկավար Ջերարդ Քալենը, հայաստանյան համակարգող  բուհի ներկայացուցիչ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ռուսաստանյան բուհերի համակարգող, Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան հանդիպում ունեցան Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները, ընթացիկ վիճակը և առկա մարտահրավերները: Նույն օրը Որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ որակի ապահովման հարցերի շուրջ հանդիպում-քննարկում Ռիգայի տեխնիկական համալսարանի, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի, «Ռուսական ռեգիստր» հավատարմագրման ասոցիացիայի, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 6-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում կայացավ SMARTI ծրագրի ղեկավար խմբի եռօրյա հանդիպումը հիբրիդային ձևաչափով: Հանդիպումը մեկնարկեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Ղուկասյանի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Ղազեյանի ողջույնի խոսքով:

Հանդիպում-քննարկման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանից Արա Ամիրյանը և Պետրոզավոդսկի պետական համալսարանից Ալեքսեյ Կուպրյախինը ներկայացրին առաջին աշխատանքային փաթեթի շրջանակում իրականացված հարցումների և ոլորտի ուսումնասիրության արդյունքներն ըստ երկրների՝ մատնանշելով հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները:

Մասնակից բուհերից յուրաքանչյուրը ներկայացրեց անգլերենի ինքնուսուցման համար նախատեսված «Հեդվեյ» առցանց ռեսուրսների ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ իրենց անդրադարձը, ինչպես նաև բուհում կրթության ապահովման գործում Կրեդիտների փոխանցման եվրոպական համակարգի ուղեցույցի ցուցումների հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: ՀՀ ՊԿԱ-ի կողմից հանդես եկավ Միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մովսիսյանը:

 Հանդիպման ընթացքում կոնսորցիումի անդամները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բուհերում ծրագրի շրջանակում իրականացված իրազեկման գործողությունները և դրանց արդյունքները, ինչպես նաև պլանավորված միջոցառումները: Հայաստանի բուհերի անունից հանդես եկավ տեղական համակարգող բուհի ներկայացուցիչ ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ռուսաստանյան բուհերի կողմից՝ տեղական համակարգող բուհի՝ Մորդովիայի Օգարյովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Օլգա Սաֆոնկինան:

Առցանց ելույթ ունեցան ծրագրի կոնսորցիումի անդամ բուհերի այլ ներկայացուցիչներ ևս։ Մասնավորապես, Ադամ Շորը՝ Մեծ Բրիտանիայի «Ջոն Մուրս» համալսարանից, ներկայացրեց  Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի սահմանած՝ անգլերենով դասավանդման նկարագրիչները և «Անգլերենը հատուկ նպատակների համար» խորագրով պլանավորված վերապատրաստման ծրագիրը: Նրա գործընկերները ներկայացրին անգլերեն սովորելու համար մշակված՝ «Ռոզետա Սթոուն» հավելվածի հնարավորությունները ծրագրի մասնակիցների համար:

Առցանց ելույթ ունեցավ նաև Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչ, ծրագրի առաջին փաթեթի ղեկավար Էդուարդո Կարդոսոն՝ անդրադառնալով անգլերենով դասավանդման ԵՄ լավագույն փորձին, մշակված ռազմավարություններին, ինչպես նաև անգլերենով դասավանդման ոլորտում ուսանողակենտրոն մեթոդի կարևորությանը:

Ծրագրի շրջանակում իրազեկմանն առնչվող հարցերին` լրատուի մշակմանը, սոցիալական ցանցերի կիրարկմանը, կայքի այցելուների թվի աճի ապահովմանն իր առցանց ելույթում անդրադարձավ Լեանդրո Օլիվեյրան՝ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանից:

Առցանց ելույթով հանդես եկավ նաև ծրագրի ֆինանսական ղեկավար Ֆրանց Կապլուշը Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից՝ անդրադառնալով ֆինանսական հաշվետվությունների, սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ծրագրի մասնակիցների բարձրացրած կարևոր ֆինանսական հարցերին:

 Վալերիա Ռաչեևան՝ որպես ծրագրի կայքէջի ստեղծող և սպասարկող, առցանց ներկայացրեց SMARTI ծրագրի՝ արդեն գործող կայքը, առկա բաժինները, բովանդակությունը և բարելավմանն առնչվող հարցեր:

Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայկական և ռուսական գործընկեր բուհերում EMI կենտրոնների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հետ կապված խնդիրներ:

Ծրագրի վերապատրաստումների հայաստանյան և ռուսաստանյան մասնակիցների՝ անգլերենով դասավանդող դասախոսների շրջանում անցկացվեց նաև անգլերենի իմացության առցանց թեստավորում։

Հայաստանյան հանդիպումները եզրափակվեցին հոկտեմբերի 9-ին Պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցած ամփոփիչ հանդիպմամբ, որին  ներկա էին ՀՀ ՊԿԱ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Խաչատուր Ղազեյանը, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումյանը և ծրագրի ղեկավար, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Ջերարդ Քալենը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին հայաստանյան բուհերի հանդիպումների արդյունքները, տվյալ պահին առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև մի շարք տեխնիկական հարցեր:

  

 

 

 

Տեղեկատվական միջոցառում ՀՀ ՊԿԱում Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակում

 

 

 

Հունիսի 30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացվող  SMARTI “Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in Order to Improve Educational Yield, Sustainability and Internationalization” (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրին նվիրված տեղեկատվական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ ՊԿԱ պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում Ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, որպես կոնսորցիումի հայաստանյան բուհերի համակարգող, ներկայացրեց SMARTI ծրագրի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերը, նպատակը, ծրագրի շրջանակում իրականացվելիք գործողությունները, այդ թվում՝ մշակվելիք ինը մոդուլները, ինչպես նաև ակնկալվող վերջնարդյունքները:

Հատկանշական է, որ մասնակիցները ոգևորվեցին SMARTI ծրագրի միջոցով ակնկալվող դասավանդման նորարարական մոտեցումների, անգլերենով դասավանդվելիք առարկաների ու կրթական ծրագրերի մշակման և ներդրման հնարավորություններով:

Ծրագիրը միտված է անգլերենով դասավանդման միջոցով Կոնսորցիումի անդամ բուհերի միջազգայնացման, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը:

 

 

Կայացավ Էրազմուս+ SMARTI ծրագրի մեկնարկային եռօրյա առցանց հանդիպումը

 

Մարտի 30-ից ապրիլի 1-ը տեղի ունեցավ «Էրազմուս+» բարձրագույն կրթության կարողությունների զարգացման SMARTI (Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization/ Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի մեկնարկային առցանց հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ 15 հաստատության ներկայացուցիչներ 6 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Պորտուգալիա, Լատվիա):

Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ծրագրի համակարգող բուհի՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Ջերարդ Քալենը, նույն բուհի Լեզուների և մշակույթի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պրունիչը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և Ռուսաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Օլգա Օլեյնիկովան:

Եռօրյա հանդիպման ընթացքում կոնսորցիումի անդամ բուհերը ներկայացրին իրենց ծրագրային թիմերի անդամներին, այն կրթական ծրագրերը, որոնք պետք է զարգացվեն և խթանվեն Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր բուհերում, ինչպես նաև հիմնավորեցին անգլերենի՝ որպես դասավանդման միջոցի կարևորությունը բուհերի միջազգայնացման և ռազմավարական ծրագրերի խթանման տեսանկյունից:

Առանձնահատուկ շեշտվեց ծրագրի շրջանակում նախատեսված՝ «Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց» (EMI) ինը մոդուլի մշակման և բուհերում ներդնելու կարևորությունը:

ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես տեղական համակարգող բուհ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի թիմի անդամները՝ Ակադեմիայի գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը, միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը և որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը:

Ծրագրի ֆինանսական մասով պատասխանատու, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչ Քրիստինա Սփիրոուն մանրամասն անդրադարձավ ծրագրի ֆինանսական կողմին, իսկ Ջերարդ Քալենը խոսեց կառավարման մի շարք կարևոր խնդիրների մասին:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին եվրոպական գործընկեր բուհերի կողմից աշխատանքային հինգ փաթեթների (նախապատրաստման, մշակման, ազդեցության և տեղեկատվության տարածման, որակի ապահովման, կառավարման) շրջանակներում սահմանված գործողությունները, դրանց իրականացման ժամկետները, ծրագրի կայքի ստեղծման, ձևավորման, բովանդակության, ինչպես նաև այլ տեխնիկական հարցեր:

 

 

Ներկայացվեց SMARTI ծրագիրը

 

 

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակը մարտի 17-18-ին կազմակերպել էր երկօրյա հանդիպում՝ նվիրված հայաստանյան բուհերի մասնակցությամբ «Էրազմուս+» կարողությունների զարգացման այն յոթ նոր ծրագրերին, որոնք ընտրվել են առաջարկների ներկայացման 2020թ. մրցույթի արդյունքում: ՔՈՎԻԴ-19-ի համաճարակով պայմանավորված՝ հանդիպումն անցկացվեց առցանց՝ ZOOM հարթակում:

Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:

ՀՀ ՊԿԱ արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը՝ որպես տեղական համակարգող բուհի ներկայացուցիչ, ներկայացրեց SMARTI (Support for Innovative Methodology, Approaches and Tools for Teaching through the Medium of English in order to improve Educational Yield, Sustainability and Internationalization/ Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագիրը:

Տիկին Խեչոյանն անդրադարձավ ծրագրի նկարագրությանը, նպատակներին, պլանավորված գործողություններին, ակնկալվող վերջնարդյունքներին, շարունակականությանը և թիրախային ազդեցությանը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց անգլերենի՝ որպես դասավանդման միջոցի կիրառման արդիականությանը, ծրագրի շրջանակում նախատեսված անգլերենով դասընթացների ներդրման միջոցով բուհերի միջազգայնացման՝ ներգնա ուսանողների ներգրավմանը և առհասարակ ուսանողների ու դասախոսների փոխանակման խթանմանը:

Շեշտադրվեցին նաև ծրագրի շրջանակում Բոլոնյան համակարգին համապատասխան թափանցիկ, ազգային և միջազգային կրթական չափանիշների և ուսումնառության համեմատելի գործիքների մշակմանը, կրթական ծրագրերի բովանդակության որակի բարելավմանը, ինչպես նաև դասախոսների որակավորման բարձրացմանը միտված գործողությունները:

Որպես վերոնշյալ ծրագրի թիմի անդամներ՝ հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊԿԱ գիտության վարչության պետ Խաչատուր Բեզիրջյանը և միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի պետ Տաթևիկ Մովսիսյանը:

Հանդիպմանը նոր և փորձառու ծրագրային թիմերը ներկայացրին կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման իրենց փորձը:

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, ծրագրի պատասխանատուներ Անի Թորոսյանը և Էդիթ Սողոմոնյանը մանրամասն անդրադարձան Հայաստանում իրականացվող ԵՄ բուհական դրամաշնորհների կառավարման խնդիրներին, ֆինանսական հարցերին և հնարավոր մարտահրավերներին: «Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր ելույթում անդրադարձավ ԿԶ ծրագրերի որակի ապահովման հարցերին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Էրազմուս+» ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը ներկայացրեց ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի նոր նախագիծը: