Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ֆրանկոֆոնիայի ակումբ

Կառավարման ակադեմիայում գործում է Ֆրանկոֆոնիայի ակումբ

 

Հոկտեմբերի 12-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ֆրանսախոս ուսանողները Ֆրանկոֆոնիայի ակումբի շրջանակում կազմակերպեցին Օլիվիե Տրեների “L’accordeur” («Դաշնամուր լարողը») ֆիլմի դիտում-քննարկում։

 2010 թվականին նկարահանված այս կարճամետրաժ ֆիլմը երիտասարդ Ադրիանի մասին է, որը, տապալելով Բերնշտայնում տեղի ունեցած դաշնամուրի մրցույթը, հոգեբանական բարդ իրավիճակում է հայտնվում։ Ֆիլմի հերոսը որոշում է դառնալ պարզապես դաշնամուր լարող և կույր ձևանալով՝ շարունակում է իր գործունեությունը։ Այդպես նա հնարավորություն է ունենում իրեն կրկին մոտ զգալու երաժշտությանը։ Սակայն մի օր նա տեսնում է այն, ինչը չպիտի տեսներ՝ պատահաբար դառնում է սպանության վկա։

Շատ կարճ՝ 13 րոպե տևողությամբ այս ֆիլմն աչքի է ընկնում ոչ միայն որակով, այլև դերասանների կատարյալ խաղով ու հրաշալի երաժշտությամբ։ Ավարտից հետո անցկացված բուռն քննարկման ընթացքում ուսանողներն իրենց կարծիքը հայտնեցին ֆիլմի ուղերձի, բովանդակության և դերասանական խաղի վերաբերյալ։

Ուսանողները խիստ ոգևորված էին միջոցառմամբ և ակումբի գործունեությամբ, որի նպատակն է տարածել ֆրանսիական մշակույթն ու արժեքները Կառավարման ակադեմիայում սովորողների շրջանում և առավել հետաքրքիր դարձնել նրանց առօրյան։

 

Ադամ Անդրևսկու «Ճամպրուկը»

Բուռն հույզերով հագեցած ևս մեկ օր ֆրանկոֆոն մթնոլորտում՝ Պետական կառավարման ակադեմիայի հարկի ներքո։ Այս անգամ ուսանողները վայելեցին Ադամ Անդրեևսկու «Ճամպրուկը» ֆիլմը։ Խոր ենթատեքստով ֆիլմը նախևառաջ գրավեց սյուժեի արդիականությամբ։ Գլխավոր հերոսը` 21-ամյա Գաբրիելը, օրեր շարունակ իրեն հանգիստ չտվող մտքերին տրվելով, որոշում է նոր կյանք սկսել։ Ահա և վրա է հասնում ճակատագրական պահը, և Գաբրիելը, քաջությունը հավաքելով, հրաժեշտի նամակ է գրում ծնողներին։ Նա բռնում է դեպի կատարյալ կյանք տանող իր ճանապարհը։ Ճակատագրի հեգնանքով նրա ուղին անավարտ է մնում։ Ի՞նչն էր պատճառը այս պարզ և միևնույն ժամանակ ծայրահեղ բարդ իրավիճակի ստեղծման համար, քաջության բացակայությու՞նը, հոգեբանական անջրպետնե՞րը, ճակատագրական մարտահրավերնե՞րը, թե՞ ուղղակի կամքի բացակայությունը։ Իրարամերժ կարծիքները հաջորդում էին միմյանց։ Արտահայտված յուրաքանչյուր կարծիք նոր մտածմունքի տեղիք էր տալիս։

Մի բան հստակ է՝ ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ բոլորի վրա և միշտ կմնա նրանց հիշողության մեջ։

Adam  Andrzejewski   “La Valise”