Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Արևմտյան Հայաստանը` լուսանկարներում

  Ապրիլի 16-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների հանդիպումը Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հետ հայ ժողովրդի պատմության ինքնատիպ դասի վերածվեց: Ակադեմիայի հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Զավեն Սարգսյանը ցուցադրեց հայկական եկեղեցաշինությունը ներկայացնող լուսանկարներ, որոնք հայտնի լուսանկարչի կողմից դեպի Արևմտյան Հայաստան կատարած 13 ուղևորություններից մեկի` 2009 թվականի ուղևորության արդյունքն են: Իր պահոցի տասնյակ հազարավոր լուսանկարներից դրանց հեղինակը օրվա ցուցադրության համար ընտրել էր քիչ հայտնի տեղանքներում գտնվող հայկական եկեղեցիների, այդ տարածքներում հայ ժողովրդի երբեմնի ներկայության մասին վկայող լուսանկարներ:

   «Այս լուսանկարներով ես ցանկացել եմ ցույց տալ, թե Թուրքիայում այսօր ինչ վիճակ է տիրում,-ասաց լուսանկարիչը:- Այնտեղ հասկանում են, որ հուշարձանները կարող են շահույթ բերել երկրին` գրավելով զբոսաշրջիկներին: Ահա թե ինչու դրանք հնարավորինս պահպանվում են, թեև հիմնականում չի նշվում, որ հայկական ծագում ունեն»:

  Զավեն Սարգսյանի լուսանկարներում Կարսի Առաքելոց եկեղեցին է, այսօր արդեն ապամոնտաժված` Եղբայրության հուշարձանը, Սարիղամիշի անտառներն են, Ներքին Բասենի բերդերից մեկը, Վաղարշավանի կամուրջը, որին նաև Հովվի կամուրջ են կոչում, Էրզրումի դամբարանները, Դիարբեքիրի հսկա պարիսպը, Սուրբ Կիրակոս եկեղեցին, Ուրֆայի եկեղեցին, Կիլիկիան` իր քաղաքներով ու եկեղեցիներով…

 Լուսանկարների ցուցադրությունն ուղեկցվում էր հեղինակի մեկնաբանություններով, որոնք ժամանակակից Թուրքիայի կենցաղն ու սովորույթներն էին ներկայացնում:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…