Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ASPIRE ԾՐԱԳԻՐ

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է:

 

 ASPIRE

Ծրագրի տևողությունը 3 տարի է (2012թ. հոկտեմբեր-2015 թ. սեպտեմբեր):

Ծրագրի կոնսորցիումի մասնակից հաստատություններն են`

1. Իլիա պետական համալսարանը` Վրաստան (համակարգող)

2. Էդջ Հիլլ համալսարանը` Միացյալ Թագավորություն

3. Պիրամիդ խումբը` Գերմանիա

4. Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը` Իռլանդիա

5. Կոշիցեի տեխնիկական համալսարանը` Սլովակիա

6. Շ. Ռուսթավելու անվան պետական համալսարանը` Վրաստան

7. Ախալցիխեի պետական մանկավարժական համալսարանը` Վրաստան

8. Վրաստանի պետական կառավարման ինստիտուտը` Վրաստան

9. Վրաստանի փոստային առաքման ասոցիացիան` Վրաստան

10. Եվրասիա միջազգային համալսարանը` Հայաստան

11.Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը` Հայաստան

12. Գորիսի պետական համալսարանը` Հայաստան

13. ՀՀ պետական կառավարման ակադեմիան` Հայաստան

14. «Հույսի կամուրջ» ՀԿ-ն` Հայաստան

 

ՏԵՄՊՈՒՍ IV. «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի մշտադիտարկում

2013 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ IV«Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի մշտադիտարկումը: Քննարկվեցին ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ Եվրասիա միջազգային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության կողմից: Մշտադիտարկման աշխատանքները ղեկավարում էր ՏԵՄՊՈՒՍ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար տկն. Լանա Կարլովան:

Կոնսորցիումի անդամները ներկայացրին կատարված աշխատանքները, դրանց համահունչությունը ծրագրի աշխատանքային պլանին և ժամանակացույցին, անդրադարձան նաև առաջիկա խնդիրներին և գործողություններին:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասնագետները մասնակցել են ծրագրի մեկնարկային քննարկումներին (կազմակերպվել էր Կոշիցեի տեխնիկական համալսարանում), «Անգլերեն հատուկ կարիքների համար» երկշաբաթյա դասընթացին (կազմակերպվել էր Եվրասիա միջազգային համալսարանում), ինչպես նաև ութ ուսումնական մոդուլների մշակման աշխատանքներին (կազմակերպվել էր Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում), որոնք վարում էին եվրոպական գործընկեր հաստատությունների փորձագետները Էդջ Հիլլ համալսարանից (ՄԹ), Կոշիցեի տեխնիկական համալսարանից (Սլովակիա), Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտից (Իռլանդիա), Պիրամիդ խմբից (Գերմանիա):

Նոյեմբեր ամսին պլանավորված է անցկացնել պիլոտային ծրագիր մշակված 4 մոդուլների մատուցմամբ, որոնցից մեկը «Գրադարանի օգտագործումը (Use of Library)» կիրականացնի ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Մոդուլին կհրավիրվեն մասնակցելու կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարները:

 

Հատուկ կարիքներով մարդկանց համար ուսումնական մոդուլների պատրաստման աշխատանքներ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա)

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիան Եվրամիության Տեմպուս IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է, որի շրջանակներում 2013 թ. հուլիսի 28-ից օգոստոսի 14-ին Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա) կայացած ուսումնական մոդուլների մշակման աշխատանքներին մասնակցեցին Ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թ. Խեչոյանը և միջազգային համագործակցության և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Տ. Դանիելյանը:

Աշխատանքներին մասնակցում էին Հայաստանից և Վրաստանից ծրագրի կոնսորցիումի անդամ 4-ական բարձրագույն ուսումնական հաստատությունների և մեկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Աշխատանքներն իրականացվում էին Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա), էդջ Հիլլ համալսարանի (ՄԹ), Պիրամիդ խմբի (Գերմանիա), Կոշիցեի տեխնիկական համալսարանի (Սլովակիա) փորձառու մասնագետների ղեկավարությամբ և խորհրդատվությամբ:

 

Մեկնարկել է «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը

ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է: 2012 թվականին մեկնարկած ծրագրի տևողությունը երեք տարի է: Պետական կառավարման ակադեմիայից բացի ASPIRE ծրագրի կոնսորցիումի անդամ են նաև Հայաստանից՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը,  Գորիսի պետական համալսարանը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև վրաստանյան հինգ հաստատություն և ևս չորս հաստատություն Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Իռլանդիայից և Սլովակիայից:

«Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի նպատակը կոնսորցիումի անդամ հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ուսումնական մոդելներ մշակելն ու ներդնելն է:

Նոյեմբերի 8-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարները: Դասընթացների երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, դիտորդական այցով Կառավարման ակադեմիա էին ժամանել ծրագրի եվրոպական գործընկերները՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) ներկայացուցիչներ Ջերալդ Քավանագը և Պադրիգ Քրբին: Այցի նպատակը «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային ծրագրի ընթացքի ուսումնասիրությունն ու համապատասխան գնահատական տալն էր:

Հյուրերին և դասընթացների մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա շեշտեց, որ Կառավարման ակադեմիան ոչ միայն գրադարանային կարողությունները հզորացնելու, այլև նոր ոճի, նոր բովանդակության գրադարան ունենալու լուրջ ծրագրեր ունի, ինչպես նաև հույս հայտնեց, որ այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն արդյունավետ կլինեն մասնակիցների համար իրենց աշխատանքում:

«Մենք նպատակադրվել ենք Պետական կառավարման ակադեմիայում հիմնել նախագահական գրադարան, ինչպիսին մեր երկրում առայժմ չկա: Իսկ որպեսզի այն իր նպատակին ծառայի, հարկավոր է, որ սկիզբը լինի հիմնավոր: Կարծում եմ, որ այս ծրագիրը դրա նախադրյալներն ունենալու հնարավորություն կտա»,- ասաց Ակադեմիայի ռեկտորը:

Ծրագրի եվրոպական գործընկերները բարձր գնահատական տվեցին դասընթացին, իսկ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Ջերալդ Քավանագը հույս հայտնեց, որ այն կնպաստի գրադարանավարների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակներում դասախոսություններից և պրակտիկ իրավիճակային խնդիրներից ու խմբային աշխատանքներից բացի ճանաչողական այց կկազմակերպվի Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած գրադարան:

 

Ավարտվեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը

Նոյեմբերի 25-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը: Նոյեմբերի 8-ին մեկնարկած դասընթացին մասնակցում էին Ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարները: Ծրագրի շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ, խմբային աշխատանքներ, դիտորդական այցով Ակադեմիա ժամանեցին Ծրագրի եվրոպական գործընկերները՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) ներկայացուցիչներ Ջերալդ Քավանագը և Պադրիգ Քրբին: Մասնակիցները ճանաչողական այցով եղան Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած գրադարանում: Գրադարանի տնօրեն տկն Սաթենիկ Ավագյանը սիրով ծանոթացրեց կոնսորցիումի գրադարանավարներին Ամերիկյան համալսարանի գրադարանի աշխատանքներին, ընթերցողների (այդ թվում նաև՝ հատուկ կարիքներ ունեցողների) համար ստեղծված բոլոր հնարավորություններին՝ նրանց պահանջներն առավելագույնս բավարարելու համար: Գրադարանի տեղեկատվական բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանը մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած բաժնի աշխատանքների առանձնահատկությունները:

Ծրագրի ավարտին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը մասնակիցներին հանձնեց հավաստագրեր՝ վստահություն հայտնելով, որ բոլոր մասնակիցները ձգտել են դասընթացների ընթացքում հնարավորինս շատ տեղեկատվություն ստանալ:

«Կառավարման ակադեմիան ձգտում է ունենալ ավելի լավ գրադարան՝ ավելի բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու համար»,- ասաց պարոն Լոքյանը:

Ավարտական դասին և հավաստագրերի համձնման արարողությանը ներկա էր ՏԵՄՊՈՒՍ Ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար տկն. Լանա Կառլովան:

 

Կանցկացվի իրազեկման օր` ASPIRE ծրագրի շրջանակներում

Ինչպես հայտնի է, ՀՀ պետական կառավարման ակադեմիան ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը
հասարակությանը»
 (ASPIRE) ծրագրի կոնսորցիումի անդամ է: Ծրագիրը մեկնարկել է 
2012 թվականին: Նպատակը կոնսորցիումի անդամ հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ուսումնական մոդուլներ մշակելն ու ներդնելն է:

Նախորդ տարվա նոյեմբերին ծրագրի շրջանակներում Ակադեմիայում իրականացվեց «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի պիլոտային դասընթացը կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարների համար: Այն բարձր գնահատվեց ինչպես դասընթացի մասնակիցների, այնպես էլ եվրոպական գործընկերների կողմից:

2013 թվականի  ապրիլին կանցկացվի «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի հերթական փուլը: Կկազմակերպվի հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ իրազեկման օր, որին ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբը պատրաստվում է այսօրվանից:

Փետրվարի 13-ին Պետական կառավարման ակադեմիայում հյուրընկալվեցին ծրագրի եվրոպական գործընկերներ Ջերարդ Քյուլլենը (Գերմանիա) և Ֆիոնա Հալլետը (Միացյալ Թագավորություն), ովքեր Ակադեմիայում վարպետության դասեր անցկացրին ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար, ինչպես նաև ամփոփոցին նոյեմբերին կազմակերպված պիլոտային դասընթացների արդյունքները:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նշելով նախորդ փուլում ունեցած հաջողությունները` պարոն Լոքյանը բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ մաղթեց ծրագրի մասնակիցներին:

 

Հավասար հնարավորություններ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար

Արդեն մեկուկես տարի է, ինչ ընթացքի մեջ է ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագիրը, որի կոսորցիումի անդամ է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Ծրագրի նպատակը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար ուսումնական մոդուլներ մշակելն ու ներդնելն է:

Ապրիլի  30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպվեց հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ իրազեկման օր, որին մասնակցում էին Հայաստանից կոնսորցիումի անդամ չորսական ուսումնական հաստատությունների և մեկ հասարակական կազմակերպության, ինչպես նաև Ծրագրի համակարգող՝ Վրաստանի Իլիա համալսարանի ներկայացուցիչները: Աշխատանքների մշտադիտարկման նպատակով Հայաստան էին ժամանել նաև  եվրոպացի գործընկերները՝ Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի (Իռլանդիա) և Կոշիցեի տեխնիկական համալսարանի (Սլովակիա) փորձագետները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ ծրագիրն արդեն իր պտուղներն է տալիս: Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին, ՏԵՄՊՈՒՍ-ի և կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին և բարի ընթացք մաղթեց հետագա աշխատանքներին:

Օրվա անակնկալը «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախմբի անդամներն էին (հատուկ կարիքներ ունեցող պատանիներ ու աղջիկներ), ովքեր ներկայացրեցին Վարդան Աճեմյանի երկու փոքրիկ մանրապատումները: Ի դեպ, «Հույսի կամուրջը» ևս ծրագրի կոնսորցիումի մասնակից հաստատություններից է:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը չափազանց կարևոր է համարում «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը»  ծրագիրը:

«Մեր նպատակը հասարակությանը` մեր կողքին ապրող մարդկանց, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրների մասին իրազեկելն է,- ասաց նա:- Ինչպե՞ս ստեղծել հավասար հնարավորություններ հատուկ կարիքներ ունեցողների համար, ինչպե՞ս ապահովել նրանց`  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ստեղծել պայմաններ, որպեսզի նման մարդկանց համար մատչելի լինեն տրանսպորտը, վերելակները, գրադարանները…»:

Այնուհետև ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչները Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ համատեղ հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրները քննարկեցին կլոր սեղանի շուրջ:

 

Գրադարանները` հատուկ կարիքներով անձանց համար

 

ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագիրը շարունակվում է: ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, որը Ծրագրի կոնսորցիումի անդամ ուսումնական հաստատություն է, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 13-ը կանցկացվի «Գրադարանի օգտագործումը» ուսումնական մոդուլի երկրորդ պիլոտային դասընթացը:

2014 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ծրագրի եվրոպական գործընկերների՝ պարոնայք Ջերարդ Քյուլլենի (Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան), Դուշան Շիմշիկի (Կոշիցեի տեխնիկական համալսարան) և Պավել Բուկսակի (Փայրամիդ խումբ) դիտորդական այցը Ակադեմիա: Նրանց կողմից կգնահատվի դասընթացի կազմակերպման, դասավանդման, ինչպես նաև ուսումնական և պրակտիկ նյութերի մատուցման, իրավիճակային խնդիրների և խմբային քննարկումների կազմակերպման  մակարդակը:

Մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսներն ու ուսանողներն  էին, «Եվրասիա» միջազգային համալսարանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանց ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը` նշելով հատուկ կարիքներով մարդկանց հանդեպ հասարակության ճիշտ վերաբերմունքի կարևորությունը:

Դասընթացի մասնակիցները կիրազեկվեն հաշմանդամության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, կծանոթանան այդ իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիայի, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Կտեղեկանան, թե ինչ հիվանդություններ ունեն հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդիկ, կսովորեն օգտագործել ճիշտ բառեր ու արտահայտություններ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ կամ նրանց մասին խոսելիս, կդիտեն տեսանյութ` հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց մասին: Նրանց կներկայացվեն վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց թվի և տարիքային կազմի վերաբերյալ:

Մասնակիցները տեսանյութի միջոցով կծանոթանան աշխարհի նշանավոր գրադարանների հետ: Նրանց կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գրադարանների իրական պատկերը, ինչպես նաև գրադարանների կողմից հատուկ կարիքավոր անձնանց  մատուցվող ծառայությունները, գրադարանների ռեսուրսներն ու հնարավորությունները:

Բացի դասախոսություններից, պրակտիկ իրավիճակային խնդիրներից ու խմբային աշխատանքներից, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրությունից, խմբի համար հոկտեմբերի 6-ին ուսումնական շրջայց կկազմակերպվի  Հայաստանի ամերիկյան համալսարանի` ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած գրադարանում, որի համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գրադարանի տնօրեն Ս. Ավագյանի հետ:

ՀՀ ՊԿ ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը նշեց, որ Ծրագրի հիմնական նպատակը մասնակիցների ուժերով փորձնական դասընթացներ կկազմակերպելն ու ուսումնական մոդուլներ պատրաստելն է, որոնք հետագայում կընդգրկվեն ուսումնական պլաններում: Իսկ դասընթացի մասնակիցները սոսկ ունկնդիրներ չեն. նրանք մասնակցելու են ինտերակտիվ քննարկումների և իրենց առաջարկություններն են ներկայացնելու գրադարանի աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

 

Ուսումնական շրջայց Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում՝ «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի շրջանակներում

2014 թվականի հոկտեմբերի 6-ին ՏԵՄՊՈՒՍ IV «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլի դասընթացն իրականացվեց  Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում: Դասընթացի  մասնակիցները` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսներն ու ուսանողները, կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանի տեղեկատվության բաժնի վարիչ Հասմիկ Գալստյանի օգնությամբ ծանոթացան Փափազյան գրադարանի պայմաններին, գրադարանում համալրված նորագույն տեխնիկայի օգտագործման մեթոդներին, գրադարանի հասանելիությանը հատուկ կարիքավոր անձանց համար, ինչպես նաև արդի ծրագրերի կիրառման  մեխանիզմներին:

 

«Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար»

1 IMG_1307

ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից: ՀՀ պետական կառավարման ակադեմիան, որպես Ծրագրի կոնսորցիումի անդամ ուսումնական հաստատություն, այս ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել Ծրագրի շրջանակներում: Ակադեմիայում մշակվել է «Գրադարանից օգտվելը» ուսումնական մոդուլը և իրականացվել պիլոտային դասընթաց կոնսորցիումի անդամ հաստատությունների գրադարանավարների, դասախոսների և ուսանողների համար:

Ծրագրի մեկնարկից ի վեր ամեն տարի ապրիլին ՀՀ ՊԿ ակադեմիայում անցկացվում է իրազեկման օր, որի մասնակիցները ծանոթանում են հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներին: Այս անգամ նույնպես ապրիլի 30-ին Ակադեմիայում իրազեկման օր անցկացվեց, որին մասնակցում էին ինչպես կոնսորցիումի անդամ հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ, այնպես էլ Ծրագրի գործընկերները Իռլանդիայից, Գերմանիայից, Սլովակիայից և Վրաստանից:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ Ծրագրի շնորհիվ այս ընթացքում Ակադեմիայի գրադարանը հարստացել է մեծ թվով գրականությամբ, Ակադեմիայում ձևավորվել է տեսագիտաժողովների սրահ: Սակայն Ծրագրի նշանակությունը հատկապես կարևոր է հատուկ կարիքներ ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու, նրանց հանդեպ հասարակության տարբեր շերտերում ճիշտ վերաբերմունք ձևավորելու տեսանկյունից:

ՀՀ ՊԿԱ «Հանրային կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Առուստամյանը հանդես եկավ իր մագիստրոսական թեզի զեկուցմամբ՝ ՀՀ մի շարք բուհերում կատարած ուսումնասիրության արդյունքների մասին. նա փորձել էր ճշտել, թե արդյո՞ք մեր բուհերում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հատուկ կարիքներ ունեցող անձանց լիարժեք կրթության համար: Պարզվում է, որ թեպետ վերջին տարիներին որոշակի քայլեր կատարվել են, սակայն մեզ դեռ հսկայական աշխատանք է սպասվում այդ ուղղությամբ:

Այնուհետև միջոցառման մասնակիցների ուշադրությանը ներկայացվեցին տեսաֆիլմեր, որոնք պատմում էին հատուկ կարիքներ ունեցող, սակայն կյանքում ակնհայտ հաջողությունների հասած մարդկանց մասին: Տարաբնույթ հիվանդությունները չեն խոչընդոտել, որպեսզի կամքի ուժ և նպատակասլաց անձինք իրենց լավագույնս դրսևորեն գիտության, արվեստի, քաղաքականության, սպորտի և այլ բնագավառներում:

«Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագրի արդյունքները քննարկվեցին իրազեկման օրվա ծրագրով նախատեսված կլոր սեղանի ընթացքում, որն անցկացվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում: Կլոր սեղանի կազմակերպիչն էր ASPIRE ծրագրի հայաստանյան համակարգող «Եվրասիա» միջազգային համալսարանը: Մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և Հայաստանում ՏԵՄՊՈՒՍ ծրագրի ազգային գրասենյակը: Մասնակիցները կլոր սեղանի շուրջ քննարկեցին «Բարձրագույն մասնագիտական կրթություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման: Ելույթ ունեցողները խոսեցին Ծրագրի շրջանակներում անցկացված կարևոր միջոցառումների, ձեռքբերումների, հեռանկարների և առկա խնդիրների մասին:

Քննարկումն ավարտվեց բարձրագույն կրթության ոլորտում ներառական կրթության փորձը ներդնելու և խթանելու վերաբերյալ «Կրթություն բոլորի համար. հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» համատեղ հռչակագրի ստորագրմամբ:

2 mm

 

 

 

Մասնակցություն ASPIRE Ծրագրի «Ներառական մարտահրավերներ» խորագրով ամփոփիչ կոնֆերանսին

img_5445 (1) img_5459-min-min--2-

2015 թվականի սեպտեմբերի 28-30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և ուսումնամեթոդական վարչության պետ Լուսինե Զիլֆուղարյանը Բաթումիում (Վրաստան) մասնակցեցին Եվրամիության Տեմպուս IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» (ASPIRE) ծրագրի շրջանակներում «Ներառական մարտահրավերներ» խորագրով ամփոփիչ միջազգային կոնֆերանսին: 

Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել կոնսորցիումի անդամ հաստատությունների ամփոփիչ հաշվետվությունները, ծրագրի գործողության ընթացքում կատարված աշխատանքների քննարկումը: Կոնֆերանսի քննարկումներին հրավիրված էին և՛ Հայաստանի, Վրաստանի և եվրոպական բուհերի, հասարակական կազմակերպությունների ծրագրի անդամ ներկայացուցիչներ, և՛ տարբեր մակարդակներում հատուկ կարիքներով մարդկանց կրթությունը ապահովող պաշտոնատար անձինք:
Կոնֆերանսի աշխատանքային խմբի քննարկումների ընթացքում վեր հանվեցին մի շարք խնդիրներ, որոնք առկա են հատուկ կարիքներով մարդկանց կրթությունը բուհերում կազմակերպելու և առավել հասանելի դարձնելու հարցերում: Ներառական կրթություն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու պայմաններում, որոշակի մասնագիտական խորհրդատվությունից հետո, սովորողը պետք է հնարավորություն ունենա ծրագրի շրջանակում կառուցել իր անհատական ուսումնառությունը: Ներառական կրթությունը պահանջում է նաև ուսումնական խորհրդատուների ինստիտուտի ներդնում և սովորողի անընդհատ առաջընթացի մշտադիտարկում: Կարևորվեցին նաև բուհերում ներառական ծրագրերով սովորողների համար ենթակառուցվածքային խնդիրների լուծման, նրանց համար հարմարավետության հատուկ պայմաններ ստեղծելու հարցերը:
Ակադեմիայի ներկայացուցիչները հանդիպումներ և քննարկումներ ունեցան նաև հատուկ կարիքներով մարդկանց կրթություն ապահովող համապատասխան պատասխանատուների հետ, որտեղ կարևորվեցին ներառական կրթության որակի ապահովման, կրթական ծրագրերում փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը:

aspire group photo

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…