Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Գենդերային բյուջետավորում» թեմայով սեմինար

   Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից «Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի» գենդերային բյուջետավորման և կառավարման միջազգային կենտրոնի հրավերով 2012 թվականի դեկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի օգնականը մասնակցեց Մոսկվայում կայացած «Գենդերային բյուջետավորում» թեմայով սեմինարին:

   Գենդերային բյուջեների մշակման նախաձեռնությունը միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես կարևոր գործիք ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար:

  Սեմինարին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկիստանի, Մոլդովայի և Ուկրաինայի պետական կառավարման ազգային ակադեմիաների դասախոսներ և պետական ծառայողներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական բաժնի պետը:

   Սեմինարի ընթացքում ներկայացվեցին «գենդեր» հասկացությունը, գենդերային իրավահավասարության ռազմավարության նպատակները, գենդերային անհավասարության դրսևորումները, չկանխամտածված գենդերային կողմնակալության խնդրի լուծման համար կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը, գենդերային ռազմավարության իրականացման հիմքում ընկած գենդերային իրավահավասարության արմատավորումը բյուջետային քաղաքականությունում: Գենդերային բյուջետավորման գծով որոշ փորձնական ծրագրեր մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին առավել խորությամբ անդրադառնալու գենդերային հարցերին:

   Մշակվեցին Հայաստանի գենդերային հավասարության և բյուջեի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (ռուսերեն), որոնք տեղադրվել են Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կայքում` http://genderbudgets.ru/index/armenija/0-8:

  Նշված փաստաթղթերը կազմվել են վիճակագրական տվյալների, վերջին մարդահամարի, սոցիոլոգիական հարցումների, պաշտոնական և միջազգային կայքերում առկա տեղեկատվության հիման վրա:

 Սեմինարը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու գենդերային բյուջետավորման գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկիստանի, Մոլդովայի և Ուկրաինայի փորձը:

  Սեմինարի ընթացքում քննարկումներ ծավալվեցին գենդերային բյուջետավորման վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ուրվագծվեցին դրանք իրականացնելու համար անհրաժեշտ մոտեցումները:

   Սեմինարն արդյունավետ կազմակերպելու համար մասնակիցները բաժանվեցին տարբեր թեմատիկ աշխատանքային խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց  համառոտ հաշվետվություն:

   Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության, ինպես նաև գենդերային բյուջետավորման հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ գործողություններին առնչվող հարցեր:

   Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից «Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական ծառայողների լրացուցիչ մասնագիտական ուսուցմանը, վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերոնշյալ ակադեմիաների դասախոսների վերապատրաստման և որակավորման բարձրացման գծով մեթոդական և գիտական հարցերի ոլորտներում համագործակցության մասին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…