Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գործընկերություն` հանուն հանրային ծառայողների կարողությունների հզորացման

ԳործընկերությունԱրդեն 12 տարի է, ինչ Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտը մեր երկրում իրականացնում է «Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագիրը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ: Սեպտեմբերի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց ծրագրի հերթական փուլը` «Անվտանգության քաղաքականություններ» թեմայով դասընթացը: Չորսօրյա դասընթացների մասնակիցները պետական այն մարմինների ներկայացուցիչներն են, որտեղ խնդիրն առավել արդիական է:

Ողջունելով ծրագրի մասնակիցներին` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը համոզմունք հայտնեց, որ ինչպես ծրագրի նախորդ փուլերը, այս փուլը ևս արդյունավետ է լինելու մասնակիցների համար:

«Հանրային ծառայողներին ներկայացվող պահանջներն այսօր շատացել են, նրանց առջև նոր խնդիրներ են դրվում, և նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում հաղորդակցվելու միմյանց հետ, մտքեր փոխանակելու, սովորելու միմյանցից: Մեր բոլորիս խնդիրն է` Հայաստանի Հանրապետությունում ունենալ որակյալ հանրային ծառայության համակարգ: Դրա համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, որոնցից մեկը հանրային ծառայության ոլորտի բարձրորակ մասնագետներ ունենալն է: Այսինքն` մարդիկ, ովքեր և´ իրենց գիտելիքներով, և´ տեսակով, և´ կրած արժեհամակարգով իրենց տեղում են: Կարծում եմ` այս դասընթացները կնպաստեն, որ մեր հանրային ծառայողներն ավելի հիմնավոր մոտենան իրենց խնդիրների լուծմանը և կարողանան կյանքի կոչել դրանք»:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

«Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ մեր hամագործակցությունը կայուն փուլում է. սա արդեն մեր համատեղ գործունեության շրջանակներում իրականացվող 6–րդ սեմինարն է,- ասաց նա:- Հիշեցնեմ, որ նախորդ տարի նաև տարածաշրջանային սեմինար անցկացվեց, որին հայ պետական ծառայողների հետ միասին մասնակցում էին նաև Վրաստանից ժամանած պետական պաշտոնյաներ: Միշտ էլ հետաքրքիր քննարկումներ, դրական արձագանքներ են եղել մասնակիցների կողմից սեմինարների կազմակերպման, դասախոսների պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ:

Վստահ եմ` սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն օգտակար կլինեն Ձեր հետագա մասնագիտական գործունեության ընթացքում»:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ ընթացք մաղթեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրերի համանախագահ Լուկաս Լյուշերը:

«Միջազգային կապերի կարողությունների հզորացում» (CABIR) ծրագրի շրջանավարտների միության նախագահ Գայանե Հովակիմյանը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին գործընկերությունը շարունակելու նաև հետագայում` ողջ աշխատանքային գործունեության ընթացքում: Այստեղ ստացած գիտելիքները շրջանավարտները հետագայում փոխանցում են մյուս պետական ծառայողներին:

«Հայաստանում արդեն ծրագրի 150 շրջանավարտ կա, որոնք իրենք են կազմակերպում սեմինարներ, սոցիալական հանդիպումներ, դասախոսություններ են կարդում: Եվ մենք մեկ հիմնական նպատակ ունենք` հզորացնել հանրային ծառայողների կարողությունները` ի նպաստ մեր երկրի պետական կառավարման համակարգի»:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…