Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասախոսություն «Եվրամիության քաղաքականությունը Բալկաններում և Կովկասում» թեմայով

 

  2013թ. մարտի 25-ին Ռումինիայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Սերջու Չելակը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների և աշխատակիցների առջև հանդես եկավ «Եվրամիության քաղաքականությունը Բալկաններում և Կովկասում» թեմայով դասախոսությամբ: Երկար տարիներ Եվրամիության ներկայացուցիչը լինելով մի շարք թեժ կետերում և որոշ չափով ծանոթ լինելով նաև Կովկասի խնդիրներին` բանախոսը համեմատություն անցկացրեց այդ երկու տարածաշրջաններում տիրող իրավիճակների միջև: Նշեց, որ դեռևս 1999 թվականին էր Եվրամիությունն առաջարկել «Կայունության պակտ Բալկաններում» նախագիծը, ինչը հետագայում ԵՄ քաղաքականության հիմքը դարձավ: Նույն թվականին նմանատիպ նախագիծ ստեղծվեց նաև Կովկասի համար: Պարոն Չելակը խոստովանեց, որ երկու դեպքում էլ դրանք թեև բարյացակամությամբ են ընդունվել, սակայն այդպես էլ իրականություն չեն դարձել, որովհետև դրանցով չափազանց կատարյալ հարաբերությունների մոդել էր առաջարկվում: Փոխարենը` փոխվեց Եվրամիության վերաբերմունքը Բալկանների հանդեպ և նրանց առաջարկվեց անդամակցել ԵՄ-ին:
  «Անդրկովկասի համար շատ կարևոր է, թե Բալկանների` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կհաջողի՞, թե կձախողի,- ասաց Սերջու Չելակը:- Որովհետև ավելի լավ է սովորել ուրիշների սխալների վրա, քան` սեփական»:
  Նկարագրելով Բալկանյան երկրների այժմյան կարգավիճակը Եվրամիությանն անդամակցելու առումով` բանախոսը նշեց, որ Հայաստանը որոշ հարցերում դրանցից շատերից առաջ է անցել: Նաև խոսեց այն պայմանների և սկզբունքների մասին, որոնց առկայությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացում պարտադիր է Արևելյան գործընկերության երկրների համար: Դրանք հաշվի առնելով` Ռումինիայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի նախագահ և գործադիր տնօրեն Սերջու Չելակը կարծում է, որ եթե անգամ Հայաստանի` ԵՄ-ին լիովին անդամակցելն առայժմ ոչ մոտ հեռանկարում է, ապա սերտ համագործակցությունը հնարավոր է ավելի շուտ:
  Եվս մեկ կարևոր հանգամանք. Եվրամիությանն անդամակցելու գործընթացում կարևորագույն նախապայման է քաղաքացիական հասարակության ձևավորումը:

  Դասախոսության ավարտին Սերջու Չելակը պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…