Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կրթության որակի ապահովումը` գերակա խնդիր

  2012 թվականի սեպտեմբերից ՀՀ պետական կառավարման ակադեմիան ընդգրկվել է Կրթության որակի ապահովման ներքին համակարգի ներդրման գործընթացում:
Մարտի 1-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անցկացվեց սեմինար` «Մասնագիտական կրթության որակի ապահովման ներքին համակարգի խնդիրներն ու գործառույթները» թեմայով: Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ողջունեց սեմինարի մասնակիցներին` նշելով, որ կրթության որակի ապահովման խնդիրը կարևորագույններից մեկն է ոչ միայն Պետական կառավարման ակադեմիայի, այլև ամբողջ կրթական համակարգի համար:

  Պարոն Լոքյանը մասնավորապես ասաց.
  «Գաղտնիք չէ, որ հետխորհրդային շրջանում կրթության որակի ապահովման խնդիրն առկա է բոլոր ուսումնական հաստատություններում: Նրանցից յուրաքանչյուրը յուրովի է փորձում լուծել այն: Ակադեմիան նույնպես համապատասխան քայլեր է ձեռնարկել միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ապահովելու, որակյալ կադրեր պատրաստելու ուղղությամբ: Այս հարցում մենք ակնկալում ենք ոչ միայն կրթական գործունեություն իրականացնող լիազորված կազմակերպությունների, այլև պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների աջակցությունը, որպեսզի հասկանանք երկրում առկա կրթական խնդիրները, կրթությանը ներկայացվող պահանջը և կարողանանք դրան համարժեք կրթություն կազմակերպել»:
  ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մասնագիտական կրթության որակի ապահովման ներքին համակարգի ներդրման աշխատանքները ներկայացրեց ՀՀ ՊԿԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը: Նա նշեց, որ ծրագրի առաջին փուլում դրա իրականացման համար անհրաժեշտ նյութերի գնումներ են կատարվել, Ակադեմիայի աշխատակազմի համար կազմակերպվել են թրեյնինգներ: Երկրորդ փուլում կրթության որակի վերաբերյալ հարցումներ են կատարվել ուսանողների և դասախոսների շրջանում: Կատարվել է նաև ծրագրի իրականացման մոդելի ընտրություն:
 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար,  տ.գ.թ., դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդատու Էդուարդ Հակոբյանը խոսեց մի քանի կարևոր գործոնների մասին, որոնք էական նշանակություն ունեն համակարգի ներդրման գործում` ուսումնական հաստատություններում իրականացվող ծրագրերի վերանայում, դասավանդման նոր մեթոդների, գնահատման նոր համակարգերի ներդրում, կրթական հաստատության կապը գործատուների հետ, որակի ապահովման մեխանիզմների մշակում ու ներդրում, ուսումնառության ռեսուրսներ և օժանդակ ծառայություններ և այլն:
  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագիտական կրթության որակի ապահովման ներքին համակարգի ներդրման փորձին ծանոթացրեց համալսարանի մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գեորգի Կոշկարյանը: Նա ներկայացրեց գործընթացի հիմնական դրույթները` մասնագիտական կրթության որակի ապահովման քաղաքականություն, կրթական ծրագրերի որակի ապահովում, ուսանողների ուսումնառության գնահատում, պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովում և այլն:
  Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդատու Գառնիկ Նալբանդյանը ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտների շրջանում կրթության որակի ապահովման համակարգի վերաբերյալ կատարված հարցումների արդյունքների վերլուծությունը, ինչի հիման վրա արվեցին եզրակացություններ և ներկայացվեցին առաջարկություններ:
  Ծրագրի իրականացման գործընթացի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
  «Ակնհայտ է, որ Պետական կառավարման ակադեմիան փորձում է հետազոտել և բացահայտել իր կարիքները,- ասաց նա:-  Հիմնական խնդիրն այն է, դրանք լիովին և հստակ ընկալվեն դասախոսական կազմի կողմից: Ընդհանրական պատկերացումների փուլը մենք արդեն անցել ենք. կարևորը որոշակի կրթական գործընթացների, ուսանողների առաջխաղացման և ձեռքբերումների հետ կապված խնդիրների լուծումները փնտրելն ու գտնելն է: Վերջնական արդյունքն այն պետք է լինի, որ գործատուն և բուհը միմյանց հետ խոսեն նույն լեզվով, որպեսզի կարողանան հստակ բացահայտել խնդիրները և պարզել, թե ինչը պետք է շտկել կրթության որակի ցանկալի մակարդակին հասնելու համար»:
 Սեմինարի ավարտին մասնակիցները կարծիքներ փոխանակեցին մասնագիտական կրթության որակի ապահովման և աշխատաշուկայի կարիքների համապատասխանության հիմնահարցերի շուրջ: Հիմնական շեշտը դրվեց պրակտիկայի կազմակերպման վրա: Նշվեց, որ պրակտիկայի արդյունավետությունը պայմանավորված է գործատու-բուհ-ուսանող շղթայով, որի յուրաքանչյուր օղակ պետք է ունենա իր հստակ ծրագիրը և պարտականությունների շրջանակը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…