Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հավաստագրեր ստացան «Քաղաքական լիդերություն» թեմայով դասընթացների մասնակիցները

  Ապրիլի 2-ից 30-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Քաղաքական լիդերություն» թեմայով դասընթացների երկրորդ փուլը: Ինչպես և առաջին փուլի ժամանակ, այս անգամ ևս նախատեսված էր դասընթացների ավարտը եզրափակել շնորհանդեսով: Շնորհանդեսն անցկացվեց մայիսի 14-ին: Ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, դասընթացների կազմակերպիչ և վարող Մարիամ Մարգարյանի խոսքով` դասընթացների երկրորդ փուլն առանձնահատուկ էր նրանով, որ մասնակիցներից  յուրաքանչյուրը ներկայացրեց մարդկությանը հայտնի այն առաջնորդներին, որոնք հատկապես մեծ ներդրում են ունեցել աշխարհում խաղաղություն, բարեկեցություն և ապահովություն հաստատելու գործում:  Հետաքրքիր էր, որ Վիլլի Բրանտի, Անաստաս Միկոյանի, մյուսների կողքին մագիստրանտները ներկայացրեցին նաև աֆրիկյան երկրների առաջնորդներին:
  «Անկեղծ ասած`մեզ համար անակնկալ էր, որ մեր ուսանողներն այդքան մեծ հետաքրքրություն կցուցաբերեն դասընթացների և դրանց ընթացքում քննարկվող թեմաների նկատմամբ: Դա մեզ շատ ուրախացրեց»,- ասաց տիկին Մարգարյանը:
  Շնորհանդեսից հետո դասընթացների մասնակիցներին հավաստագրեր հանձնեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Նա հույս հայտնեց, որ «Քաղաքական լիդերություն» թեմայով դասընթացներին մասնակցելու շնորհիվ մագիստրանտները հետագա աշխատանքային գործունեության ընթացքում իրենց առավելագույնս դրսևորելու հնարավություն կունենան:
  Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Ակադեմիայի ռեկտորին` այդ հնարավորությունն իրենց ընձեռելու կապակցությամբ:
  Դասընթացների երկրորդ փուլն ավարտվեց, սակայն այն շարունակություն է ունենալու: Հաջորդ ուսումնական տարվա սկզբում կձևավորվի մասնակիցների նոր խումբ: Այս անգամ կազմակերպիչները որոշել են հանդես գալ նոր նախագծով` դասընթացները կազմակերպելով երեք մակարդակով:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…