Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում շարունակվում է կրթության որակի ապահովման գործընթացը

  Կրթության որակի ապահովման ներքին համակարգում ընդգրկված ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մայիսի 31-ին կազմակերպվել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման երաշխիքները» թեմայով սեմինար: Սեմինարի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Վերջինս հույս հայտնեց, որ Ակադեմիան պատվով դուրս կգա որակի ներքին ապահովման համակարգի ներդրման գործընթացից:

  Խոսելով կրթության որակի ապահովման հիմնախնդիրների մասին և ներկայացնելով որակի ներքին ապահովման գործընթացի ներկա իրավիճակը ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` պարոն Բեզիրջյանը նշեց, որ արագընթաց զարգացող աշխարհում Ակադեմիայում իրականացվող բարեփոխումները պարզապես անհրաժեշտություն են: Նա համակարգի առաքելությունը համարեց Ակադեմիայի գործունեության հիմնական ոլորտներում վստահության ամրապնդումը, Ակադեմիայի շնորհած որակավորումը եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև գիտելիքներից բացի այնպիսի հմտությունների և ունակությունների ուսուցանումը, որոնք բավարարեն թե´ ներքին, թե´ արտաքին շուկաների պահանջները: ՀՀ ՊԿԱ պրոռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի որակի ապահովման քաղաքականության հիմնական սկզբունքները:

 Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդատու Էդուարդ Հակոբյանի կարծիքով, գերազանց գնահատականի է արժանի Ակադեմիայի` որակի ապահովման գործընթացով զբաղված աշխատանքային խումբը: Վերջին երկու ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել, լուրջ աշխատանքներ են տարվել ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ: Նա հորդորեց, որ այդ գործընթացով զբաղվի Ակադեմիայի ողջ կոլեկտիվը, ոչ թե միայն մի քանի հոգուց բաղկացած խումբը:

  Կառավարման ակադեմիան շուտով կունենա առաջիկա հինգ տարիների համար նախատեսված իր ռազմավարական ծրագիրը, որն առայժմ նախագծի տեսքով է: ՀՀ ՊԿԱ ռեկտորի օգնական Գայանե Հովհաննիսյանը ներկայացրեց ռազմավարական ծրագրի մշակման կարգը: Իսկ Ակադեմիայի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի պետ Ավետիս Գևորգյանը սեմինարի մասնակիցներին ծանոթացրեց ռազմավարական ծրագրի դրույթներին: Նա խոսեց Ակադեմիայի առաքելության, մնայուն արժեքների, նպատակների և առաջիկա 5 տարիների տեսլականի մասին:

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մասնագիտական կրթության որակի ապահովմանն ուղղված մոտեցումների մասին «Քաղաքագիտություն» մասնագիտության օրինակով խոսեց ՀՀ ՊԿԱ քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ Մարիամ Մարգարյանը: Մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացի հոգեբանական առանձնահատկություններին անդրադարձավ ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Պետրոսյանը:

  Ակնհայտ է, որ մասնագիտական կրթության որակի ապահովման կարևոր երաշխիք է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը. հարցի շուրջ իր տեսակետը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, ՀՀ ՊԿԱ խորհրդատու Գառնիկ Նալբանդյանը:

  Սեմինարի ընթացքում և ավարտին ծավալված մտքերի փոխանակությունն ու քննարկումները, հնչած տեսակետներն ու առաջարկները, անշուշտ, կնպաստեն գտնելու համակարգի ներդրման ամենաարդյունավետ ընթացակարգն ու մեխանիզմները, որոնց շնորհիվ հաջողությամբ կավարտվի ինքնավերլուծության փուլը և հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին իրականացվելիք փորձաքննությունից հետո կարձանագրվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացի բարեհաջող ավարտը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…