Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

«Քաղաքացիական ծառայություն»-«Հանրային ծառայություն» շաբաթաթերթը տասը տարեկան է

     «Քաղաքացիական ծառայություն», այժմ՝ «Հանրային ծառայություն» շաբաթաթերթը երեկ նշեց հիմնադրման 10-րդ տարեդարձը: Այդ առթիվ շաբաթաթերթին շնորհավորելու էին եկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամներ, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատողներ, լրագրողներ:

     Շաբաթաթերթը հիմնադրվել է 2003 թվականին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախաձեռնությամբ: Թերթի հիմնադիրը ՀՀ պետական կառավարման ակադեմիան է:

    «Մենք գիտենք, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում թերթի յուրաքանչյուր համար, ինչ ահռելի աշխատանք է կատարում խմբագրակազմը, մինչև թերթը հայտնվում է ընթերցողի սեղանին»,- շնորհավորելով շաբաթաթերթի աշխատակիցներին՝ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

   Պարոն Լոքյանը շնորհակալություն հայտնեց թերթի կոլեկտիվի անդամներին՝ կատարած դժվարին աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար: Շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին՝ թերթի հիմնադրման առաջին իսկ օրվանից խմբագրակազմի կողքին լինելու համար:

    Պարոն Բադալյանը շնորհավորանքի իր խոսքում թերթի անցած տասը տարվա ճանապարհը համարեց հետաքրքիր ու հաճելի դժվարություններով լի: «Երկրի քաղաքական ղեկավարությունը հիմնադրման սկզբից կարևորեց թերթի գոյությունը, քանի որ սա առանձնահատուկ նշանակություն ունեցող լրատվամիջոց էր, որի նպատակը նոր ձևավորվող քաղաքացիական ծառայության համակարգը ընթերցողին ներկայացնելն էր, ինչպես նաև պետական կառավարման համակարգում թափուր պաշտոնների մասին իրազեկելը,- ասաց ՔԾ խորհրդի նախագահը:- Այսօր էլ, յուրաքանչյուր չորեքշաբթի, ավանդույթի ուժով, օրվա մամուլից առաջին հերթին առանձնացնում և թերթում եմ «Հանրային ծառայությունը», նույնիսկ եթե էջերի մի մասը նախապես ծանոթ է: Վստահեցնում եմ, որ Խորհուրդն այսուհետ նույնպես պատրաստակամ է համագործակցելու շաբաթաթերթի հետ, աջակցելու ցանկացած հարցում: Ցանկանում եմ, որ թերթը մշտապես ունենա իր ասելիքը, և ընթերցողը սրտատրոփ սպասի նրա լույսընծայմանը»:

   Այնուհետև պարոն Բադալյանը գործունեության տասնամյակի կապակցությամբ ՀՀ ՔԾ խորհրդի շնորհակալագիրը հանձնեց «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին և հուշանվեր՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի շենքի պատկերով, որտեղ հիմնադրվելուց հետո մի քանի տարի է անցկացրել շաբաթաթերթը:

   Թերթի լույսընծայման առաջին շրջանում խմբագրակազմի առջև ծառացած խնդիրների ու դժվարությունների մասին խոսեց «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթի առաջին գլխավոր խմբագիր Լավրենտի Միրզոյանը: Դժվարություններ, որոնք հաղթահարվեցին, և թերթը դարձավ քաղաքացիական և հանրային ծառայողների լավագույն բարեկամն ու խորհրդատուն:

   2004 թվականից առ այսօր շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը Լարիսա Հովհաննիսյանն է: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար՝ տիկին Հովհաննիսյանն ասաց.

    «Ցանկացած հոբելյան առիթ է, որ մարդը հետադարձ հայացք ձգի անցած ճանապարհին: Երբ ստանձնեցի խմբագրի պաշտոնը, կարծում էի՝ մի քիչ տխուր գործ եմ անելու: Սակայն պարզվեց, որ ամենևին էլ այդպես չէ: Պետական կառավարման համակարգը չափազանց կարևոր է մեր երկրի, պետության կայացման, երկրի հեղինակության համար: Մեր թերթը որևէ այլ լրատվամիջոցի մրցակից չէ. այն չի անդրադառնում քաղաքականությանը, չի տպագրում ասեկոսեներ: Փոխարենը՝ մենք երբեմն սիրով անդրադառնում ենք ազգային արժեքները, ազգային դիմագիծը պահպանելու, մայրենին անաղարտ պահելու խնդիրներին, տպագրում ենք քաղծառայողների ստեղծագործություններ:

   Այս տասը տարիների ընթացքում թերթը երբևիցե որևէ ճնշման չի ենթարկվել, ինչը խմբագրակազմի հանդեպ վստահության վկայություն է: Այդ վստահության համար անչափ շնորհակալ ենք թե ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ պարոն Բադալյանից, թե ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր պարոն Լոքյանից: Շնորհակալ ենք համագործակցության և անցած ճանապարհի համար: Կարծում եմ, որ դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու»:

   Շաբաթաթերթի տարեդարձի կապակցությամբ ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը թերթի գլխավոր խմբագիր Լարիսա Հովհաննիսյանին հանձնեց «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալը՝ նշելով. «Տասը տարին հաստատուն ժամանակաշրջան է. կասկած չկա, որ թերթն իր ասելիքն արդեն ասել է և այսուհետ կատարելագործվելու է»:

   «Հանրային ծառայություն» շաբաթաթերթի աշխատողներն արժանացան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվոգրերի:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…