Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Գրադարանները` հատուկ կարիքներով անձանց համար

ՏԵՄՊՈՒՍ IV ծրագրի շրջանակներում իրականացվող «Հատուկ կարիքներով մարդկանց հասանելիությունը հասարակությանը» ծրագիրը շարունակվում է: ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, որը Ծրագրի կոնսորցիումի անդամ ուսումնական հաստատություն է, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 13-ը կանցկացվի «Գրադարանի օգտագործումը» ուսումնական մոդուլի երկրորդ պիլոտային դասընթացը:

2014 թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ծրագրի եվրոպական գործընկերների՝ պարոնայք Ջերարդ Քյուլլենի (Դրեզդենի տեխնոլոգիական համալսարան), Դուշան Շիմշիկի (Կոշիցեի տեխնիկական համալսարան) և Պավել Բուկսակի (Փայրամիդ խումբ) դիտորդական այցը Ակադեմիա: Նրանց կողմից կգնահատվի դասընթացի կազմակերպման, դասավանդման, ինչպես նաև ուսումնական և պրակտիկ նյութերի մատուցման, իրավիճակային խնդիրների և խմբային քննարկումների կազմակերպման  մակարդակը:

Մասնակիցները ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսներն ու ուսանողներն  էին, «Եվրասիա» միջազգային համալսարանի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանց ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը` նշելով հատուկ կարիքներով մարդկանց հանդեպ հասարակության ճիշտ վերաբերմունքի կարևորությունը:

Դասընթացի մասնակիցները կիրազեկվեն հաշմանդամության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, կծանոթանան այդ իրավունքների վերաբերյալ միջազգային կոնվենցիայի, «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Կտեղեկանան, թե ինչ հիվանդություններ ունեն հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդիկ, կսովորեն օգտագործել ճիշտ բառեր ու արտահայտություններ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ կամ նրանց մասին խոսելիս, կդիտեն տեսանյութ` հատուկ կարիքներ ունեցող նշանավոր մարդկանց մասին: Նրանց կներկայացվեն վիճակագրական տվյալներ հաշմանդամություն ունեցող անձանց թվի և տարիքային կազմի վերաբերյալ:

Մասնակիցները տեսանյութի միջոցով կծանոթանան աշխարհի նշանավոր գրադարանների հետ: Նրանց կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գրադարանների իրական պատկերը, ինչպես նաև գրադարանների կողմից հատուկ կարիքավոր անձնանց  մատուցվող ծառայությունները, գրադարանների ռեսուրսներն ու հնարավորությունները:

Բացի դասախոսություններից, պրակտիկ իրավիճակային խնդիրներից ու խմբային աշխատանքներից, ինչպես նաև տեսաֆիլմերի ցուցադրությունից, խմբի համար հոկտեմբերի 6-ին ուսումնական շրջայց կկազմակերպվի  Հայաստանի ամերիկյան համալսարանի` ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած գրադարանում, որի համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գրադարանի տնօրեն Ս. Ավագյանի հետ:

ՀՀ ՊԿ ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը նշեց, որ Ծրագրի հիմնական նպատակը մասնակիցների ուժերով փորձնական դասընթացներ կկազմակերպելն ու ուսումնական մոդուլներ պատրաստելն է, որոնք հետագայում կընդգրկվեն ուսումնական պլաններում: Իսկ դասընթացի մասնակիցները սոսկ ունկնդիրներ չեն. նրանք մասնակցելու են ինտերակտիվ քննարկումների և իրենց առաջարկություններն են ներկայացնելու գրադարանի աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…