Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերները. քննարկում են ոլորտի մասնագետները

 

 

 

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտաժողովների սրահում տեղի է ունեցել «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով IV հանրապետական գիտաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի համատեղ ջանքերով: Գիտաժողովի հիմնական նպատակն էր արդյունավետ և անկաշկանդ քննարկման հարթակ տրամադրել ինչպես գիտական, ռազմագիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներին, այնպես էլ ոլորտի զարգացմամբ շահագրգիռ պետական կառավարման մարմիններին` հայկական ռազմարդյունաբերության զարգացման խնդիրները քննարկելու և դրանց լուծումները համատեղ որոնելու համար:

Գիտաժողովի բացման խոսքում ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանն արժևորեց գիտաժողովի գիտագործնական նշանակությունը` ոլորտում առկա խնդիրների լուծման տեսանկյունից: Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ՊԿԱ ռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Խ. Ղազեյանն ընդգծեց նման գիտական քննար­կումների կազմակերպման հարցում տարբեր գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը: Գիտաժողովի պատվավոր հյուրերից էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Իսպիրյանը: Նա նույնպես անդրադարձավ ռազմարդյունաբերության զարգացման մարտահրավերներին նվիրված գիտաժողովի անցկացման արդիականությանն ու կարևորութ­յանը:

Գիտաժողովը համադասում էր ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ. Հարությունյանը:

Գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ հանդես եկան՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խ. Ղազեյանը` «Ռազմական ոլորտում արհեստական բանականության կիրառման ժամանակակից միտումները» թեմայով, ՀՀ ՊԿԱ գիտական աշխատանքների և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գ. Հարությունյանը՝  «Ռազմական ծախսերի փոխկախվածությունը «խելացի» սպառազինությունների համաշխարհային շուկայում հիմնական դերակատարների փոփոխության հետ» թեմայով, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի Ռազմական ռազմավարության հետազոտությունների կենտրոնի գիտնական-վերլուծաբան քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ. Պետրոսյանը՝ «Աշխարհաքաղաքական վերադասավորումների ազդեցությունն սպառազինությունների համաշխարհային առևտրում ներգրավված հիմնական դերակատարների փոփոխության հետ» թեմայով, Կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (APRI Applied Policy Research Institute) ռազմական վերլուծաբան, գիտաշխատող Լ. Ներսիս­յանը՝ «ՀՀ ռազմարդյունաբերության զարգացման հիմնական խոչընդոտները» թեմայով, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Վարդանյանը՝ «ՀՀ ռազմական արդյունաբերության վերափոխման հնարավոր ուղիները՝ համաշխարհային պաշտպանական տեխնոլոգիական միտում­ների խորապատկերին» թեմայով, ՀԱՊՀ բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Վարդանյանը` «Սահմանը հսկող ավտոնոմ սնուցումով ռոբոտի մշակում և ներդրում արտադրությունում» թեմայով և «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Firo ընկերության համահիմնադիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Ա. Ջիվանյանը` «Պաշտպանական ԳՀՓԿԱ համակարգում առկա հիմնախնդիրները» թեմայով:

Գիտաժողովն անցավ արդյունավետ քննարկումների և կարծիքների փոխանակման մթնոլորտում: Բազմաթիվ հարցադրումների, դիտարկումների և առաջարկությունների հիման վրա ձևավորվեցին կառուցողական և պրագմատիկ մոտեցումներ` ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:

 

 

 

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…