Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

…Որպեսզի ժպտան աշխարհի բոլոր մանուկները

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սահմանամերձ կամ, ինչպես ընդունված է ասել, սահմանապահ գյուղերի բնակիչները, հատկապես երեխաները, ուշադրության և քնքշանքի կարիք ունեն: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհուրդը որոշեց նվիրել նրանց այդ ուշադրությունն ու քնքշանքը՝ անակնկալ մատուցելով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի երեխաներին:

Եվ այսպես՝ հունվարի 6, գյուղ Չինարի: Ամանորյա տոպրակներ, որոնցում երեխաները գտան իրենց համար հաճելի ու անակնկալ նվերներ, քաղցրավենիք: Տեսնել էր պետք, թե այդ փոքրիկ նվերներն ինչպիսի ուրախության ակնթարթներ պարգևեցին նրանց:
Գյուղապետ Սամվել Սաղոյանը մեծապես կարևորեց սահմանապահ գյուղերի երեխաների համար կազմակերպվող նման միջոցառումները: Նշեց, որ այնտեղ ապրող փոքրիկներն իսկապես ուշադրության, հոգատարության կարիք ունեն:

Գյուղի փոքրիկները նույնպես մեզ համար անակնկալ էին պատրաստել: Նրանք, իրար հերթ չտալով, երգում էին, ասմունքում, ուրախությունից հուզվում ու երբեմն մոռանում երգի բառերը: Բայց կարևորն այն անկեղծ զգացմունքներն էին, որոնք մենք տվեցինք ու ստացանք այդ հրաշք մանուկներից:

Հունվարի 7-ի առավոտյան լավ գործ կատարելու վճռականությամբ ուղևորվեցինք մեկ այլ սահմանապահ գյուղ՝ Մովսես, որտեղ մեզ էին սպասում մանկապարտեզի ու դպրոցի շուրջ 150 երեխա:

Այստեղ ևս մանկապարտեզ հաճախող փոքրիկները մեծ սիրով մեզ համար ասմունքնեցին և հայրենասիրական երգեր երգեցին: Մեզ համար մեծ ուրախություն էր լուսանկարվելը «սահմանապահ» փոքրիկների հետ և խնամքով ու սիրով պատրաստված ամանորյա նվերները նրանց հանձնելը…

Հավելենք, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությունն իրականացել է Ակադեմիայի ուսանողների, «Շանթ» գործարանի տնօրինության և պարզապես քաղաքացիների ջանքերով: Նախաձեռնություն, որը շարունակական է լինելու:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…