ՀՀ պետական կառավարման ակադեմիան, հանդիսանալով TEMPUS.VERITAS ծրագրի կոնսորցիումի անդամ բուհերից մեկը, իր ասպիրանտական ծրագրերը և ասպիրանտուրայի բաժնի ողջ գործունեությունը ձգտում է կառուցել և իրականացնել Զալցբուրգյան սկզբունքներին համապատասխան: Դրան նպաստել և նպաստում են ոչ միայն նախորդ փուլերում ծրագրի ղեկավարների և համակարգողների կողմից տարբեր երկրներում կազմակերպված սեմինարները, հանդիպումներն ու վարժանքները, այլև նշված գործընթացին առավելագույնս առնչվող ճանաչողական այցը Եվրոպայի գործընկեր ուսումնական հաստատություններ, որը կայացավ 2015 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը:
Իր ծավալով աննախադեպ և բովանդակային առումով խիստ հագեցած այս միջոցառմանը ՀՀ ՊԿ ակադեմիան ներկայացնում էին Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և ասպիրանտուրայի բաժնի պետ Նաիրա Ղազարյանը:
Ծրագրի մասնակիցներն այցելեցին եվրոպական չորս խոշոր բուհեր, մոտիկից ծանոթացան և ուսումնասիրեցին նրանց ասպիրանտների գիտական և կրթական գործընթացները, ասպիրանտական դպրոցներն ու ծրագրերը, հատկապես դրանց այն կողմերն ու իրականացման եղանակները, որոնք առավել իրատեսական և կիրառելի են մեր բուհերի, այդ թվում և Կառավարման ակադեմիայի համար՝ հաշվի առնելով վերջինիս ուղղվածությունն ու առանձնահատկությունները:
Հայաստանյան բուհերին հյուրընկալած եվրոպական չորս ուսումնական հաստատություններ՝ Ժիրոնայի (Իսպանիա), Հայդելբերգի (Գերմանիա), Բաթ Սպայի (Մեծ Բրիտանիա) համալսարանները և Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտը (Շվեդիա), տրամադրեցին հսկայական տեղեկատվություն, կազմակերպեցին ճանաչողական այցեր, գիտական և գործնական հանդիպումներ ու քննարկումներ, որոնք խիստ օգտակար եղան հայաստանյան բուհերում ասպիրանտական կրթության որակի ապահովման, զարգացման և գիտահետազոտական գործունեության հետագա կատարելագործման առումով:
ՀՀ պետական կառավարման ակադեմիան նշված համալսարանների շարքում ընդգրկված է Բաթ Սպա համալսարանի հետ համագործակցող աշխատանքային խմբում: Հիշյալ համալսարանի հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի ավարտից հետո դրա կիրառումը պիլոտային ծրագրով հոգեբանության մասնագիտությամբ սկսելու վերաբերյալ՝ հետագայում ընդգրկելով նաև Ակադեմիայում ուսուցանվող մյուս մասնագիտությունները: