ԱՄՆ Մերիլենդի համալսարանի պրոֆեսորը ցանկալի հյուր է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Դեռևս 2001-2002 թվականներին ԱՄՆ պետական դեպարտամենտի «Ֆուլբրայթ» ծրագրով տիկին Քոուն մեկ տարի դասավանդել է Կառավարման դպրոցում: Իսկ երեք տարի առաջ ՀՀ ՊԿԱ ղեկավարության հրավերով մեկ շաբաթ դասախոսություններով հանդես է եկել Ակադեմիայի մագիստրանտների առջև:
Հոկտեմբերի 27-28-ին Բարբարա Քոուն կրկին հյուրընկալվել է Կառավարման ակադեմիայում: Նա երկօրյա սեմինար անցկացրեց Ակադեմիայի մագիստրանտների և աշխատակիցների համար: Թեման կրկին առնչվում էր լիդերության խնդիրներին՝ «Լիդերության դերը կայուն զարգացման գործում»: Ինտերակտիվ քննարկումներին զուգահեռ՝ սեմինարի ընթացքում դասախոսն առաջարկեց իրավիճակային խնդիրներ, խոսեց այն մասին, թե ինչպես են լիդերներն իրականացնում փոփոխությունները, առաջադրեց պլանների իրականացման նոր լուծումներ և պատասխանեց լիդերի համար առանձնակի կարևորություն ներկայացնող՝ «ի՞նչ ենք մենք ուզում, և որո՞նք են լինելու մեր հետագա քայլերը» հարցերին:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, ողջունելով տիկին Բարբարա Քոուին և իր ուրախությունը հայտնելով նրա հերթական այցի առթիվ, նշեց, որ այս հաստատությունում պրոֆեսորը միշտ սպասված հյուր է: ՀՀ ՊԿԱ ռեկտորն ասաց, որ նրա կարդացած դասախոսությունների ունկնդիրները իրենց ստացած գիտելիքները կիրառում են հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:
Տիկին Քոուն ասաց, որ ինքը մեծ ուրախությամբ է գալիս Հայաստան, քանի որ սիրում է մեր երկիրը և մեծ հաճույքով է աշխատում Պետական կառավարման ակադեմիայի ունկնդիրների հետ: Ի դեպ, նախօրեին նա հանդիպել էր իր նախկին ուսանողներին, ովքեր այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ պետական կառավարման համակարգում:
Երկօրյա սեմինարի ավարտին ունկնդիրները ստացան մասնակցության հավաստագրեր: