Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Դասախոսություն և քննարկում «Հետազոտական հմտությունները թվային դարաշրջանում» թեմայով

 

 

Ապրիլի 19-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալեց Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի (Ռումինիա) ներկայացուցիչներին՝  բազմաթիվ միջազգային ծրագրերի ղեկավար և փորձագետ, գիտաչափության և տեղեկատվական ու ակադեմիական գրագիտության միջազգային ճանաչում ունեցող փորձառու մասնագետ, պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին, մեքենաշինության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Կալին Ռոսկային և վարչական անձնակազմի ներկայացուցիչ Մարիան Ռեպանովիչին, որոնք ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև կնքված դասախոսների, անձնակազմի և ուսանողների շարժունության միջբուհական պայմանագրի համաձայն այցելել են ՀՀ ՊԿԱ: Հանդիպմանը մասնակցում էին Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները, ասպիրանտները և մագիստրանտները:

Ողջունելով հյուրերին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը նախ կարևորեց երկու բուհերի միջև համագործակցությունը, այնուհետև ընդգծեց, որ երկուստեք արդյունավետ կարող են լինել պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի փոխանակման ծրագրերը։ Ռեկտորը հույս հայտնեց, որ փոխադարձ այցերը շարունակական կլինեն:

Պրոֆեսոր Անժելա Ռեպանովիչը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ շեշտելով, որ Կառավարման ակադեմիայում առաջին անգամ չի նման ընդունելության արժանանում, ինչը շատ բարձր է գնահատում:

ՀՀ ՊԿԱ միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանն անդրադարձավ Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանի հետ դեռևս 2015 թվականից սկիզբ առած սերտ գործընկերային հարաբերություններին և դրանց շրջանակում իրականացված ծրագրերի արդյունավետությանն ու հեռանկարներին։ Նա համոզված է, որ նախատեսվող համատեղ ծրագրերը ևս հաջող ընթացք կունենան:

Պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչը հանդես եկավ   «Հետազոտական հմտությունները թվային դարաշրջանում (Research Skills in Digital Age)» թեմայով դասախոսությամբ: Իր ելույթում նա անդրադարձավ թվային դարաշրջանում հետազոտական աշխատանք կատարելու առանձնահատկություններին, բուհերի գրադարանների կողմից հետազոտողների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, հետազոտական աշխատանքներում ճիշտ հղումներ կատարելու անհրաժեշտությանը, «Open Access» հնարավորություններին ու կիրառելիությանը, հետազոտությունների ուղղություններին, գիտաչափությանն ու մատենագիտությանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև ծրագրային այն կարևոր հարթակների վրա, որոնք հեշտացնում են հետազոտողի աշխատանքը` ապահովելով որակյալ արդյունք:

Պրոֆեսոր Ռեպանովիչի համաձայնությամբ նրա ներկայացրած նյութը կտեղադրվի Ակադեմիայի թվային շտեմարանում (digital repository): Ակադեմիայի DSpace բաց մատչելիության հարթակը հնարավորություն կտա դասախոսներին, ասպիրանտներին և մագիստրանտներին օգտվելու նշված աղբյուրից:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…