Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նոր հայացք հազարամյակների խորքից

 

 

 

«Նարեկացին և մեր ժամանակը». այսպես է կոչվում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հերթական մենագրությունը, որը նրա տարիների աշխատանքի արդյունքն է: Մենագրությունը տպագրության է երաշխավորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գիտական խորհուրդը:

Նոր լույս ընծայված գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին: Շնորհանդեսին ներկա էին գրքի ստեղծման հետ անմիջական առնչություն ունեցող անձինք, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էդգար Ալեքսանյանը, Ակադեմիայի աշխատակիցներ, տարբեր տարիների շրջանավարտներ, որոնք ամուր կապված են Ակադեմիայի հետ:

Հայ միջնադարյան բանաստեղծ, աստ­վածաբան և մարդաբան, փիլիսո­փա և քաղաքագետ Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը շատերն են անդրադարձել ամենատարբեր տեսանկյուններից: Սակայն պրոֆեսոր Մարգարյանի մոտեցումը էականորեն տարբերվում է նախորդներից:

«Նրան ներկայացնելու բոլոր մոտեցումներն էլ ի գիտություն ընդունելով՝ մեզ համար ելակետային է այն, որ Նարեկացին համակարգել է Մարդու գոյաբանական հիմնախնդիրները՝ բացահայտելով իշխանական հարաբերություններում նյութական և հոգևոր արժեքների խզմամբ պայմանավորված մարդու ողբերգությունը»,- նշում է հեղինակը:

Իսկ ինչո՞ւ Նարեկացին և մեր ժամանակը: Բանն այն է, որ Նարեկացու ժամանակներից մինչև մեր օրեր այդ հիմնախնդիրները, հատկապես ինքնության ճգնաժամի խնդիրը, շարունակում են խիստ այժմեա­կա­ն լինել: Անդրադառնալով Նարեկացուն, հատկա­պես նրա «Մատ­յան ող­բեր­գութ­յան» ստեղծագործությանը` հեղինակը ներկայացրել է մե՛ր ժամանակը, այսինքն` նոր աշխարհակարգը` իր անորոշություններով ու խառնաշփոթությամբ և դրանք հաղթահարելու հնարավորությունը՝ կարևորելով բնակա­նոն արդիականացման քաղաքակրթական չափումը: Հեղինակի համոզմամբ, Գր. Նարեկացու գաղա­փարների այսօրինակ արժևորմամբ Հայաստանն ու համասփյուռ հայու­թյունն ի զորու են իրենց արժանապատիվ տեղն ու դերն ունենալ նոր աշխարհա­կարգում՝ միաժամանակ հաղթահարելով ինքնության ճգնաժամը և ապահովելով հոգևոր անվտանգություն: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է մեր ժամանակների հեռավորությունից նորովի ճանաչել ու արժևորել Նարեկացուն, իսկ Նարեկացու միջոցով ճանաչել և արժևորել մեր ժամանակները:

Մարիամ Մարգարյանի «Նարեկացին և մեր ժամանակը» գրքի խմբագիր Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, որ ամենայն բծախնդրությամբ ու սիրով էր աշխատել գրքի վրա, շնորհակալություն հայտնեց հեղինակին` Նարեկացուն նոր տեսանկյունից մեկնաբանելու համար:

«Բազմաթիվ այլ հեղինակներ ներկայացրել են Նարեկացուն իրավագիտական և այլ չափումներով: Սակայն ինքս երբեք չէի պատկերացնի Նարեկացուն քաղաքագիտական չափման մեջ: Քաղաքագիտական հայացքը բոլորովին նոր խոսք է: Իսկ դա նշանակում է, որ Նարեկացու «շտեմարանը» սպառված չէ, այն դեռ կարիք ունի ուսումնասիրության»,- ասաց նա:

Շնորհանդեսի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին այս բացառիկ աշխատությունը հանրությանը նվիրելու համար: Գրքի գրախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ենգոյանն ասաց, որ տիկին Մարգարյանի բոլոր գրքերն էլ իրենց յուրահատուկ տեղն ունեն, բայց սա պարզապես գլուխգործոց է:

«Որպես հայ մարդ` ես ուրախ եմ, որ Մարգարյանը կարողացել է մեր ինքնության խնդիրը կապել Նարեկացու հետ: Սա մի քայլ է ազգային ինքնությունը վերագտնելու ճանապարհին»,- նշեց նա:

Իրենց հիացմունքն ու շնորհակալական խոսքերը գրքին և նրա հեղինակին հասցեագրեցին իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը, տիկին Մարգարյանի նախկին ուսանողները, այս մենագրության ծնունդին սպասող մարդիկ:

Գիրքը հասցեագրված է աշխարհիկ և հոգևոր կառավարող դասերին, քաղաքական գործիչներին, քաղաքական վերլուծաբաններին ու փորձագետներին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ այլ բուհերի ուսանողներին, ասպիրանտներին, դասախոսներին, ինչպես նաև քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդությանը:

Վստահաբար կարող ենք ասել, որ «Նարեկացին և մեր ժամանակը» դառնալու է դասագիրք և ուղենիշ ներկա և գալիք սերունդների համար:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…