Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Վերապատրաստվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողները

 

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացը: Ակադեմիայի լրացուցիչ կրթության վարչությունը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հետ, նպատակադրվել է իրականացնել շուրջ 200 համայնքային ծառայողի վերապատրաստում 6 խմբով: Ապրիլի 3-7-ը կանցկացվի առաջին խմբում ընդգրկված համայնքային ծառայողների վերապատրաստումը։ Վերապատրաստման ծրագրի ընդհանուր տևողությունը յուրաքանչյուր խմբում սահմանված է 40 ժամ:

Վերապատրաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող Պետական կառավարման ակադեմիայում առանձնակի կարևորություն է տրվում մարդկային ռեսուրսի հզորացմանը` հանրային ծառայողների արհեստավարժությունը համարելով երկրի ռազմավարական խնդիրների լուծման հիմնական նախապայման: Միանշանակ է, որ վերապատրաստման արդյունավետ համակարգը համայնքային ծառայողների կարողությունների զարգացման հիմնական գործիքներից է: Վերապատրաստումը համայնքային ծառայողների կողմից պետք է ընկալվի ոչ թե որպես մասնակցելու պարտականություն, այլ ուսանելու հնարավորություն։ Մյուս կողմից, վերապատրաստում իրականացնող կառույցը պետք է լինի ճկուն՝ արագ փոփոխվող միջավայրում առաջացող վերապատրաստման կարիքներին արագ արձագանքելու, ստանձնած գործը պատասխանատվությամբ և որակով կատարելու, վերապատրաստման մասնակիցներին պահանջվող գիտելիքներով և գործնական հմտություններով ապահովելու համար։ Այս ամենի ակնկալվող արդյունքը կարող է լինել երկրի հեռանկարային զարգացման ռազմավարական նպատակների իրագործումը:

Նշենք, որ վերապատրաստումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 16-ի N 3116-Ա հրամանով հաստատված վերապատրաստման ծրագրերով: Ծրագրում ընդգրկված թեմաներն են` «Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող ՀՀ օրենսդրությունը»,  «Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությունը», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը», «Կոռուպցիա» հասկացությունը և կանխարգելումը», «Բարեվարքությունը հանրային ծառայության համակարգում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը և անվտանգությունը», «Մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը», «Կոնֆլիկտների և սթրեսների կառավարումը» և այլն:  

Վերապատրաստման ավարտից հետո կանցկացվի թեստավորում, որը կբացահայտի ոչ միայն մասնակիցների կողմից գիտելիքների յուրացման մակարդակը, այլև վերապատրաստման կազմակերպման արդյունավետությունը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…